Թբիլիսիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ լինելու Վրաստանի պատրաստակամությունը:
«Երջանիկ եմ, որ այսօր Օրբելյանների պալատում Ձեզ հետ հանդիպելու հնարավորություն ունեմ: Մեր նախորդ հանդիպումից հետո շատ ծանր մարտահրավերների առջեւ կանգնեցինք բոլորս: Նախ՝ համավարակը, որը վնասեց տարածաշրջանի բոլոր երեք երկրների տնտեսությունը, փակեց մեզ աշխարհի հետ հարաբերություններում, ինչպես նաեւ մարդկային զոհեր ունեցանք:
Սակայն շատ ավելի ծանր էր պատերազմի հարուցած պատկերը: Ուզում եմ զոհվածների ընտանիքներին եւ անձամբ Ձեզ ցավակցել, պարո՛ն նախագահ: Ինչպես պատերազմի ժամանակ, այժմ էլ Վրաստանը հանդես է գալիս որպես խաղաղության կողմ: Ի նշան դրա՝ առաջարկել ենք մեր հարթակը հանդիպումների, երկխոսության եւ իրավիճակի լիցքաթափման համար: Այս առաջարկն ուժի մեջ է»,- ասել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահն ընդգծել է, որ բոլորը լավ հասկանում են՝ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն վնասում է ամբողջ տարածաշրջանին, ուստի խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն Կովկասի զարգացման համար: