1949 թվականից մայիսը նշվում է որպես հոգեկան առողջության մասին իրազեկման ամիս։ Իրազեկվածության բարձրացումը կարող է օգնել մարդկանց հասկանալու, թե ինչպիսին են հոգեկան առողջության խնդիրների ախտանշանները, որպեսզի հնարավորինս արագ դիմեն բժշկի։
Իրազեկման ընթացքում կարեւորվում է նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ խարանի ու խտրականության դեմ պայքարը։ Բարձրաձայնվում է՝ ինչ խնդիրներ ունեն հոգեկան առողջության խնդիրներ ունցող մարդիկ, ինչպես եւ ինչու են ոտնահարվում նրանց իրավունքները, եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկել այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար։
2004 թվականին Հայաստանն ընդունել է հոգեբուժական օգնության մասին օրենքը։ Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ հասարակությունը պիտի հանդուրժողական եւ բարյացակամ լինի, իսկ խտրականությունն արգելվում է Սահմանադրության 29-րդ հոդվածով։ Այնուամենայնիվ, մեր երկրում գրանցվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բռնության ու նրանց իրավունքների ոտնահարման դեպքեր։ Սահմռկեցուցիչ դեպքեր են տեղի ունենում նույնիսկ նրանց համար նախատեսված հաստատություններում։
«Փակ հաստատություններում ահավոր են վարվում մարդկանց հետ, նույնիսկ չեմ ուզում հիշել Վարդենիսի հոգեբուժարանում անցկացրած իմ օրերը․ ծեծում էին, ծաղրում, մեզ խելառ անվանում, զոռով դեղեր տալիս, նույնիսկ չէին թողնում՝ դուրս գանք կամ մեր հարազատների հետ կապ հաստատենք․․․»,- պատմում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կինը՝ ավելացնելով՝ եթե իրեն էլի տանեն Վարդենիսի հոգեբուժարան, կյանքին վերջ կտա։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Կարինե Գրիգորյանն ասում է՝ ցավոք, խնամքի հաստատություններում բռնությունը սարսափելի թվերի է հասնում։
«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներն է՛լ ավելի հաճախ են բռության ենթարկվում։ Մեկ այլ ցցուն խնդիր էլ կա․ շահառուներին երբեմն չեն տրամադրում նրանց հասանելիք խնամքի պարագաները»,- ասում է Վարդանյանը՝ նշելով՝ ցավոք, բռնության զոհերը շատ դեպքերում զանգելու, ահազանգելու հնարավորություն չեն ունենում, ուստի պատկան մարմիններն այս փաստին էլ պիտի ուշադրություն դարձնեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկեն։
Ոտնահարվող իրավունքներ եւ խտրականություն
Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հոգեբուժական կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու ընթացքում երբեմն կարող են տարբեր պատճառներով ստանալ ֆիզիկական վնասվածքներ, այդ թվում՝ ենթարկվել ֆիզիկական կամ հոգեբանական բռնության:
Հոգեբուժական հաստատություններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման դեպքերը եւս քիչ չեն։ ՄԻՊ գրասենյակի կողմից մշտադիտարկված բոլոր
դեպքերում բուժառուների հիվանդության պատմագրերում բացակայել են ոչ
հոժարակամ բուժում սկսելու իրավական հիմքերը։ Հատկապես մտահոգիչ է եղել այն փաստը, որ վաղուց ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ բուժառուներ անհասկանալի հանգամանքներում դարձել էին «խիստ
վտանգավոր իրենց և շրջապատի համար», որը, սակայն, որևէ կերպ չի հիմնավորվել
վերջիններիս հիվանդության պատմագրերում։
Ըստ ՄԻՊ-ի՝ դատավորների մոտ տարակուսանքի տեղիք չեն տվել ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ միջնորդությունները և դրանք առանց հիմնավորող փաստարկների հիմք են ծառայել դատական ակտ ընդունելու համար։ Դատավորներին ընդունած դատական ակտերը գրեթե նույնական են եղել, տարբերվել են միայն բուժառուների տվյալները, ինչից կարելի է ենթադրել, որ դրանք տիպային բնույթ են կրում։
ՀՀ գլխավոր դատախազության ամփոփ տեղեկությունների համաձայն՝ 2021 թվականի ընթացքում ազատությունից զրկման վայրերում արձանագրված 316 մարմնական վնասվածքներից 36-ն արձանագրվել են հոգեբուժական կազմակերպություններում, որը դեպքերի մոտ 11.4%-ն է: Ընդ որում՝ 2020 թվականի ընթացքում ազատազրկման վայրերում արձանագրված մարմնական վնասվածքներից ցուցանիշները եղել են ավելի ցածր (204 մարմնական վնասվածքներից 25-ն արձանագրվել են հոգեբուժական կազմակերպություններում, որ դեպքերի մոտ 12.25%-ն է):
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում շահառուներին խոշտանգելու մեղադրանքով 2023 թվականի փետրվարին տուն-ինտերնատի տնօրենի եւ չորս աշխատակցի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է։ Պարզվել էր, որ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի անկողինը՝ ներքնակը, գցված է հատակին՝ ջեռուցման մարտկոցների դիմաց, իսկ հիվանդի որովայնին ամրացված է եղել կտորից գոտի, որն էլ մետաղական շղթայով միացված է եղել ջեռուցման մարտկոցներին: Բացի այդ՝ տուն-ինտերնատի բնակիչներից մեկի ձեռքերն ու ոտքերը, մեջքի վրա պառկած դիրքում, կտորով կապված են եղել մահճակալի չորս անկյուններից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին ամբողջությամբ չէր տրամադրվել օրվա հասանելիք ծխախոտը եւ սնունդը։ Բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը համարվող աշխատանքների մի մասը կատարել էին ինտերնատի շահառուները, նրանցից ոմանք էլ ՊՈԱԿ-ի տուն-ինտերնատի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմում շարունակաբար կատարել էին մաքրման աշխատանք:
Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք՝ հոգեբուժական բժշկական օգնության ծառայությունների համար 2020 թվականին հատկացվել է 2,783,746,700 դրամ, 2021-ին՝ 3,115,536,000 դրամ, 2022-ին` 2,705,832,900 դրամ:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց, որ հոգեբուժական կազմակերպություններում ստեղծվել է խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ, որը կերաշխավորի նման խնդիր ունեցող անձի պաշտպանությունը։
«Պացիենտների համար հասանելի վայրում կա հեռախոս, իսկ հեռախոսին կից փակցվել է տեղեկություն` ՀՀ առողջապահության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ ոստիկանության թեժ գծի հեռախոսահամարները, օրենքով սահմանված նամակագրությունն ապահովելու համար տեղադրվել են փոստարկղեր, դիմում-բողոքների համար՝ կողպված արկղեր»,- ասում է Վահե Հակոբյանը։
Այս քայլերը ձեռնարկվել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար նախատեսված հաստատություններում գտնվող անձանց մարմնական վնասվածքների հայտնաբերման կամ ենթադրյալ բռնությունների վերաբերյալ գանգատների դեպքում անհապաղ հաղորդում ներկայացնելու համար։
Հոգեբուժական կազմակերպություններում փակցվել են հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքների եւ ազատությունների խախտման դեպքում իրավունքների պաշտպանության միջոցների վերաբերյալ պաստառներ։Այսուամենայնիվ, պարզ է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից ոմանք այս կամ այն պատճառով չեն կարող օգտվել թվարկված միջոցներից ոչ մեկից՝ չկարողանալով անհրաժեշտության դեպքում պաշտպանել իրենց իրավունքները, հետեւաբար պատկան մարմինների մշտադիտարկումներն ու իրավապահների աչալուրջ աշխատանքն առանցքային կարեւորություն ունեն հոգեբուժական կազմակերպությունների շահառուների իրավունքների պաշտպանության հարցում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան սամանում է՝ հաշմանդամություն ունեցող մարդիկ կյանքի բոլոր ոլորտներում հավասար հիմունքներով կարող են իրացնել իրենց իրավունքները։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն, Հայաստանում բախվում են խտրականության բազմաթիվ դրսեւորումների։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ առանձնանում են իրենց վարքով, իսկ մեր հասարակության մեջ, ցավոք, կան մարդիկ, որոնք չեն հանդուրժում տարբերվող վարքագիծ ունեցող անձանց, ուստի ագրեսիվ ու խտրական են վերաբերվում նրանց։
Հովսեփյանն ընդգծում է՝ կան դեպքեր, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասնակցությամբ տեսանյութեր են տարածվում առանց նրանց համաձայնության։ Մարդիկ երբեմն մեկ ուրիշին պիտակավորելու, նվաստացնելու համար օգտագործում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին բնութագրող տերմիններ․ դրանք հասարակության մեջ տարածված խտրականության դրսեւորումներ են։
Հոգեբուժական հաստատություններում պահվող մարդկանց խնդիրները բազմազան են։ Հարկավոր է տարանջատել նրանց համար նախատեսված երկու տիպի հաստատություն՝ հոգեկան առողջության կենտրոններ եւ խնամքի ծառայություններ տրամադրող հաստատություններ, որոնք մեր երկրում երկուսն են («Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն):
Այս երկու խնամքի հաստատություններում գտնվող շահառուների զգալի մասը բուժման կարիք չունի։ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ նման հաստատություններում պահվող մարդիկ որոշումներ կայացնելու հարցում աջակցության կարիք ունեն․ հարկավոր է նրանց այդ հարցում օգնել, ոչ թե որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկել։
«Ենթադրենք՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար նախատեսված խնամքի կենտրոնի շահառուն ֆինանսական կամ իրավական որեւէ հարցի հետ կապված չի կարողանում կողմնորոշվել, որոշում կայացնել։ Նման իրավիճակներում պետք է գոյություն ունենան շահառուին աջակցող ծառայություններ, որոնց միջոցով նա կկարողանա որոշում կայացնել։ Բայց մեր երկրում դեռ չենք հասել դրան»,- ասում է Մուշեղ Հովսեփյանը։
Նա ընդգծում է՝ խնամքի հաստատությունների շահառուները նույնիսկ կենցաղային հարցերում չեն կարող որոշում կայացնել, օրինակ՝ որոշել, թե ինչ հագնել, ինչ ուտել, ինչպես պլանավորել օրվա անելիքը։ Ցավոք, գրանցվում են նաեւ խտրականության ու բռնության սարսափելի դեպքեր։
Ըստ Հովսեփյանի՝ հոգեբուժական հաստատություններում եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի հաստատություններում շահառուների իրավունքները պաշտպանելու համար դիտորդական առաքելություն իրականացնող խմբերը, որոնք բաղկացած են տարբեր ՀԿ-ներից, պետք է է՛լ ավելի ակտիվորեն աշխատեն ու բարձրաձայնեն առկա խնդիրների մասին, որպեսզի դրանք լուծվեն։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն եւս դիտորդական խմբի անդամ է, վերջերս դիտորդական առաքելություն իրականացնելուց հետո զեկույց է հրապարակել։
Ապաինստիտուցիոնալացումը մնացել է թղթի վրա
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածը սահմանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց՝ անկախ ապրելու եւ համայնքում ներգրավվելու իրավունքը։ Մեր երկիրը միացել է այս կոնվենցիային եւ պետք է ապահովի շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ ներառյալ ոչ պետական հաստատություններն ու մասնագիտացված խնամքի հաստատությունները:
Ապաինստիտուցիոնալացումը հաստատությունների բնակիչների աստիճանական տեղափոխումն է իրենց համայնքներ՝ իրենց տներ, սոցիալական բնակարաններ, փոքր խմբային տներ կամ այլ տիպի բնակելի վայրեր, որտեղ երաշխավորված են իրենց ազատությունները: Այն պետք է ուղեկցվի ծառայությունների զարգացմամբ, որոնք աջակցում են խնամքի կարիք ունեցող մարդկանց՝ համայնքում ներառվելուն եւ մասնակցությանը, առաջարկում են ճկուն եւ անհատական աջակցություն, որպեսզի մարդիկ կարողանան ապրել իրենց ուզած կյանքով:
Հայաստանում այս գործընթացը հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց դեպքում սկսվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան 2010 թվականին վավերացնելուց հետո։
Կոնվենցիայի 19-րդ հոդվածը ճանաչում է հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց անկախ ապրելու եւ համայնքում ներառվելու հավասար իրավունքը՝ կյանքի ձեւն ընտրելու եւ վերահսկելու ազատությամբ: Այդ փաստաթղթի հիմքը մարդու իրավունքների հիմնական սկզբունքն է՝ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով։
Մուշեղ Հովսեփյանը վստահեցնում է՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ ունեն աջակցության կարիք եւ կարող են ապրել համայնքում, ինչպես բոլորը։ Խոսքն, իհարկե, ոչ թե հոգեկան առողջության կենտրոններում բուժում ստացողների, այլ հոգեկան առողջության խնամքի հաստատությունների՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի եւ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուների մասին է, որոնք, իսկապես, կարող են ներգրավվել համայնքում, մասնակցել որոշումներ կայացնելու գործընթացին։ Պարզապես այդ մարդկանցից յուրաքանչյուրի կարիքին համապատասխան՝ աջակցություն պետք է տրամադրվի, որպեսզի նրանք վերադառնան այն միջավայր, որտեղ ապրում ենք բոլորս։
«Ապաինստիտուցիոնալացումը ենթադրում է՝ մեր երկրում հոգեկան առողջության խնամքի հաստատություններ չպետք է լինեն։ Շահառուն պետք է բնակվի իր տանը, իսկ եթե տուն չունի, սոցիալական բնակարանում պետք է ապրի՝ օգտվելով բոլոր այն իրավունքներից, որոնցից օգտվում ենք բոլորս՝ բժշկական օգնություն, կրթություն ստանալու եւ այլն։ Առողջական վիճակով պայմանավորված՝ նա պետք է օգտվի որոշակի ծառայություններից, որոնք կօգնեն, որ բոլորի նման իրացնի իր իրավունքները»,- եզրափակում է Մուշեղ Հովսեփյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։