Ուկրաինայի դատարանները 2022-ի ընթացքում դատապարտել են կոլաբորացիոնիզմի (թշնամու հետ դավաճանական համագործակցության) համար մեղադրվող 272 մարդու, որոնցից ոչ ոք նման գործերով չի արդարացվել։ Նրանցից 50-ը իրեն մեղավոր ճանաչելով համագործակցել են հետաքննության հետ։ Շատ փոքր թվով գործերը վերադարձվել են դատախազին վերանայման կամ փակվել: «Ուկրաինսկայա պրավդա»-ն գրում է, որ 2022-ի գարնանը կոլաբորացիոնիզմի մասին Ուկրաինայի քրեական օրենսգրքում հոդված է հայտնվել։ Իր գոյության առաջին տարվա ընթացքում՝ մինչեւ 2023-ի ապրիլը ներառյալ, ուժայինները գրանցել են կոլաբորացիոնիզմի գրեթե 5500 դեպք։ Դրանցից մոտ1400-ը ճանաչվել է կասկածելի։ 2022-ին դատարանները ստացել են կոլաբորացիոնիզմի 659 գործ եւ քննել շուրջ կեսը՝ 308-ը։
Կոլաբորացիոնիզմի մասին հոդվածը պարունակում է նաեւ մի շարք թերություններ: Մասնավորապես, այն չի սահմանում կոլաբորացիոնիզմը: Բացի դրանից՝ քրեական օրենսգրքում կան նման հոդվածներ, օրինակ՝ «պատերազմի քարոզչություն», «ագրեսիայի հիմնավորում», «օժանդակություն ագրեսոր պետությանը»։ Նման գործերով աշխատող իրավապահներն ասում են, որ չկան նման հանցագործությունները տարբերակելու հնարավորություն տվող չափանիշներ։ Միաժամանակ նման հոդվածները նախատեսում են արմատապես տարբեր պատիժներ։ Եթե քննիչն ու դատախազը համացանցում պուտինամետ հրապարակումը սահմանեն որպես «կոլաբորացիոնիզմ», մարդը միայն կզրկվի որոշակի պաշտոններում աշխատելու իրավունքից։ Իսկ եթե հետաքննությունը որոշի, որ թշնամական ձայնագրությունը եղել է «ագրեսիայի արդարացում», դա արդեն 5 տարվա ազատազրկում է։ Ուկրաինական իրավական պրակտիկայում նման որակումների բազմաթիվ օրինակներ կան։
Իրավապաշտպաններն ու իրավապահներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նման թերությունները դաշտ են ստեղծում կոռուպցիայի, ընտրովի արդարադատության եւ մարդու իրավունքների խախտումների համար։ Բացի դրանից՝ կոլաբորացիոնիզմի համար պատժի քաոսային բնույթն ու անհամաչափելիությունը կարող են թյուրիմացության հանգեցնել եւ բռնազավթված տարածքների բնակիչների շրջանում Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ անվստահություն եւ վախ առաջացնել:
Կոլաբորացիոնիզմի ընդհանուր սահմանումը
«Կոլաբորացիա» (ֆր. collaborateur – համագործակցող) եզրույթը թվագրվում է 1871 թվականին եւ դեռ 1802 թվականին հայտնի «կոլաբորատոր» բառի նախատիպն է: Կիրառվում էր նապոլեոնյան պատերազմների ժամանակ Անգլիայի հետ մաքսանենգ առեւտրով զբաղվողների եւ միապետների փախուստին օգնողների նկատմամբ: «Թշնամու հետ դավաճանական համագործակցությունն» իմաստ է ստացել է 1940 թվականից՝ ի սկզբանե վկայակոչելով Անրի Ֆիլիպ Պետենի գլխավորած ֆաշիստական հիտլերամետ վարչակարգի՝ Ֆրանսիայի Վիշիի կառավարությանը, որը 1939-1945 թվականներին համագործակցել է գերմանացիների հետ: