Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» առնչությամբ կանչել է պարզաբանման:
Հրավերն առնչվում է Ռուսաստանի թշնամական վարքագծին, այդ թվում՝ կիբերհարձակումներին, ժողովրդավարական գործընթացներին միջամտությանը, Ուկրաինայի սահմանին ռազմական ներկայության ուժեղացմանն ու Ղրիմի անօրինական բռնազավթմանը:
Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւին էլ Լեհաստանի արտգործնախարարություն են հրավիրել:
Դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ կանչն առնչվում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաեւ Ուկրաինայի հարավային սահմանի իրավիճակին:
Ըստ Bloomberg գործակալության՝ Լեհաստանի ԱԳՆ-ն ավելի ուշ տեղեկացրել է, որ Վարշավայում ռուսաստանյան երեք դիվանագետ անցանկալի անձ են հռչակվել: Նման որոշման պատճառն այն է, որ «նշված անձինք ի վնաս Լեհաստանի խախտել են դիվանագիտական կարգավիճակի պայմանները»: