Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինայի Գերագույն ռադան, մասնավորապես` «Եվրոպական համերաշխություն», «Գոլոս», «Բատկիվշչինա» եւ իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունները, «Грузия»-ի փոխարեն Վրաստանի անվանումը «Սաքարթվելո» պատմական անվամբ վերանվանելու օրենքի նախագիծ է ներկայացրել։ Նախագծի հեղինակները նշել են, որ պատմական անունով կոչվելու Վրաստանի խնդրանքն արդարացի է, քանի որ «Грузия» եզրույթը ռուսական ազդեցության հետեւանք է։
Ըստ փաստաթղթի՝ Վրաստանն այսուհետեւ Ուկրաինայում կանվանեն «Սաքարթվելո», իսկ վրաց ժողովրդին` քարթվելներ: Անվանափոխությունը, նախաձեռնության հեղինակների կարծիքով, կնպաստի երկու պետությունների մերձեցմանը եւ հնարավորոսւթյուն կընձեռի ազատվելու Վրաստանի «ռուսացված» անվանումից:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն առաջարկել էր Սեւաստոպոլ քաղաքը վերանվանել «թիվ 6 օբյեկտ»: Նրա համոզմամբ՝ անվանափոխությունը հնարավորություն կընձեռի խզելու պատմական նույնացումները քաղաքի ռուսական ռազմական փառքի հետ։
Մարտի 11-ին էլ Ուկրաինայի նախագահ Զելենսկին խոստացել էր աշխատել Ռուսաստանը «Մոսկովիա» վերանվանելու հարցի վրա։