ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտարարել են, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող հին կամրջի փոխարեն նորը կկառուցվի: Ըստ հիմնադրամի՝ կամուրջն ամբողջովին կազմալուծվել է, վթարավտանգ դարձել։ Կամուրջը Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում է: Որոշում է ընդունվել տեղադրել կամրջի հիմքերը, այնուհետեւ երկաթբետոնե սալերը։ Կկատարվեն նաեւ նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նշվում է, որ կնորոգվի նաեւ կազմատված եւ նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով ներկա պահին ապահովվում է երթեւեկությունը։
Հիմնադրամից հիշեցնում են, որ շրջանցիկ կամրջով երթեւեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։