Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի հետ Քիշնեւում նախատեսված բանակցությունների ընթացքում ԵՄ-ում սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին: «Կարեւոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը եւ առաջ շարժվել սահմանազատման հարցում, ինչպես նաեւ նվազեցնել ռիսկերը սահմանամերձ շրջաններում»,- գրել է Շառլ Միշելը:
Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի՝ ներկայում վճռորոշ նշանակություն ունի Բաքվի եւ ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջեւ նրանց իրավունքների եւ անվտանգության մասին երկխոսությունը: «Կարեւոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից եւ ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել է Միշելը։
Ստանոն ողջունել է սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն իր հերթին հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միեւնույն ժամանակ կարեւոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, դրանց թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Ստանոն միաժամանակ ողջունել է սահմանազատման ուղղությամբ աշխատելու՝ հայկական կողմի հստակ պատրաստակամությունը:
«Քանի որ այս զգայուն հարցերի շուրջ աշխատանքը շարունակվում է, կարեւոր է քայլեր ձեռնարկել վստահության ձեւավորման ուղղությամբ, բարեխղճորեն ներգրավվել գործընթացում եւ ցուցաբերել պատրաստակամություն՝ համապարփակ կարգավորման շրջանակում բոլոր հարցերը լուծելու համար: Չնայած հակամարտության բարդ պատմությանը՝ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով եւ երկխոսության միջոցով։ Եվրամիությունը հանձնառու է աջակցելու կողմերին այս գործում»,- նշված է հայտարարության մեջ: