Ըստ բրիտանական Sky News-ի՝ անդրադառնալով Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման թեմային եւ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ուկրաինան իրավունք ունի հարձակվելու Ռուսաստանի տարածքի վրա, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլին նշել է, որ ենթադրություններ չի անի հարձակման բնույթի վերաբերյալ, այդուհանդերձ շեշտել է, որ Ուկրաինան օրինական իրավունք ունի պաշտպանելու իրեն եւ հարկ եղած դեպքում ուժ կիրառելու նաեւ իր սահմաններից դուրս՝ խաթարելու համար Ուկրաինայի վրա ուժ կիրառելու Ռուսաստանի ռազմական կարողությունը: Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի սահմաններից դուրս «լեգիտիմ ռազմական թիրախներն» այդ երկրի ինքնապաշտպանության բաղկացուցիչն են:
Ըստ բրիտանական Reuters գործալության՝ անդրադառնալով Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակմանը, Սպիտակ տան ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ը դեռեւս տվյալներ է հավաքում Մոսկվայում երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած անօդաչու թռչող սարքերի հարվածների վերաբերյալ եւ հավանություն չի տալիս Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներին։ Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է Ուկրաինային սարքավորումներ եւ ուսուցում տրամադրելու վրա, որոնք անհրաժեշտ են սեփական ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար: Սպիտակ տունը նաեւ հիշեցրել է, որ մայիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը 17 անգամ հարձակվել է Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներն ու ՌԴ ՊՆ-ն հաղորդել էին, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել Մոսկվայի ուղղությամբ: Ըստ Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի կործանման վայրերի հրապարակված ցանկի՝ դրանցից մեկն, իբր, գնդակոծվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի մոտ։ Վերջինս, մեկնաբանելով Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը, հայտարարել է որ Կիեւը փորձում է վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին եւ սադրել Մոսկվային հայելային պատասխան քայլեր ձեռնարկելու:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է Մոսկվայի վրա անօդաչու սարքերով հարձակումը: «Բոլոր այն մարդիկ, որոնք չգիտես ինչու կարծում են, որ կարող են միակողմանի խաղ խաղալ, 15 ամսից անց էլ դեռ չեն հասկացել, որ 2014 թվականի նման չի լինելու»,- ասել է Պոդոլյակը: Նա ընդգծել է, որ Կիեւը հարձակումների հետ ուղղակի առնչություն չունի: