Ինքս ինձ մի կերպ ստիպելով նայեցի Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստի`«բուռն ու երկարատեւ ծափահարությունների» հատվածի տեսագրությունը։ «ԻՔ»-ականները ծափահարում էին «վոժդի» հերթական լոզունգին։
Ինչո՞ւ եմ ասում լոզունգին։ Որովհետեւ Փաշինյանի հնչեցրած խոսքերի էության մեջ դարձյալ չխորացան ոչ ծափահարողները, ոչ էլ անգամ քննադատողները։
Դե, լսեք. «Հայաստանում կա՛ ապագա, Հայաստանում ապագա կա՛։ Արցախում կա՛ ապագա։ Արցախում ապագա կա՛: Հայ ժողովուրդը ունի՛ ապագա…»։
Սույն պարոնին երեւի թվում է, որ եթե մի բանը տարբեր շարադասությամբ կրկնի, դրանից իր ասածն իմաստ կստանա։
Այս դատարկաբան հայտարարությանը ծափահարելը նման էր ՍՄԿԿ չգիտեմորերորդ համագումարում Բրեժնեւի «Экономика должна быть экономной» տափակաբանությանը հաջորդած «բուռն ու երկարատեւ ծափահարություններին», որոնք «վերածվում էին օվացիայի»։
Հանեք այն պաթոսը, որով Փաշինյանն արտասանեց այս մի քանի բառը, եւ տակը կմնա մի սովորական նախադասություն։ Հապա նորից կարդացեք (շեշտերը հանել եմ). «Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա։ Արցախում կա ապագա։ Արցախում ապագա կա: Հայ ժողովուրդը ունի ապագա…»։
Իսկ ո՞վ է ասել, թե Հայաստանն ու Արցախը ապագա չունեն։ Ընդհանրապես էս աշխարհում ի՞նչը ապագա չունի։ Ապագան միշտ էլ կա, հո կյանքը կանգ չի՞ առնում։
Եվ ահա այս սովորական, ոչինչ չասող արտահայտությանը հաջորդում են «կլակյորների» «բուռն ու երկարատեւ ծափահարությունները»։
«Կլակյորը», ըստ Արարատ Ղարիբյանի Ռուս-հայերեն բառարանի, վարձու ծափահարողն է։ Իսկ ռուսական աղբյուրները տալիս են հետեւյալ բացատրությունը. «Մարդ, որը զբաղվում է արտիստի կամ ներկայացման արհեստական հաջողություն կամ ձախողում կազմակերպելով»։ Իսկ «կլական» էլ՝ արտիստի, դրամատուրգի, հռետորի կամ քաղաքական գործչի վարձած «կլակյորների» միջոցով սեփական սին հաջողության պատրանք ստեղծելն է։
Տեսագրությունից երեւում է, որ առաջինն իսկական կոմերիտականի ջանասիրությամբ ոտքի է ցատկում եւ ծափ տալիս «ԻՔ» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Այսինքն՝ «կլակայի» դիրիժորը։ Եվ դա բնական է։ Նորմալ իշխանության պայմաններում Մակունցի «ինտելեկտն» ունեցողը լավագույն դեպքում ավագ դասախոս կլիներ որեւէ բուհում։ Այն էլ, հաստատ, կդասավանդեր ոչ հայերենով։ Որովհետեւ, երբ բանասիրական գիտությունների թեկնածու (՞՞՞՞) սույն տիկինը բացում է բերանն ու դեմքի ոչինչ չասող սառը արտահայտությամբ փորձում է բառեր արտաբերել, ապա ստացվում է ամեն ինչ, բացի հոդաբաշխ մտքից։
Նույն տեսագրությունից երեւում է, որ խմբակցության որոշ անդամներ եւ նիստին ներկա որոշ նախարարներ վեր են կենում ոչ այնքան անկեղծ ու ծափահարում են ոչ այն ջանասիրությամբ։ Իսկ մեկն, ընդհանրապես, շատ ուշացումով ելավ տեղից. վայ թե Փաշինյանի «հեղափոխության պահապանները» մարդ ուղարկեն նրա հետեւից։
Հյուսիսային Կորեայում մարդուն կարող են դատել միայն նրա համար, որ նվազ ջանասիրությամբ է ծափահարել առաջնորդին կամ՝ չի ժպտում, տխուր է. «Ուրեմն դու երջանիկ չես, հա՞, մեր սիրելի առաջնորդի ղեկավարած երկրում»,- սա է «տրամաբանությունը»։
Եթե «կլակյորների» իշխանությունը շարունակվի, սրան էլ կհասնենք։ Չե՞ք հավատում՝ լսեք ծափահարությունների քննադատությանը նույն նիստը վարող Ալեն Սիմոնյանի արձագանքը եւ Փաշինյանի մեկնաբանությունը. «դուրս ենք մղում բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում այս արձանագրումը»։
Փաշինյանը հասկանում է, որ քննադատությունը վերաբերում է ոչ թե իր խոսքին, այլ դրա կեղծ պաթետիկային ու ստալին-բրեժնեւյան ոճով ծափահարություններին, բայց լյումպենին գրավելու մի նոր ու խղճուկ փորձ է անում. թե՝ տեսեք, միայն թուրքական գործակալը չէր ուրախանա, որ Հայաստանն ապագա ունի։
Այո, Հայաստանն ու Արցախը ապագա ունեն՝ դրական, զարգացող ապագա, բայց ոչ «վոժդի» ղեկավարած «կլակյորների» խունտայով։ Այդ խունտան անցած երեք տարում եւ հատկապես մղձավանջային պատերազմի 44 օրերին ապացուցել է, որ անընդունակ է երկիր ղեկավարել եւ պիտի հեռանա կամ հեռացվի։
Հ.Գ. Ի դեպ, իշխանական «կլակյորներից» ոչնչով չեն տարբերվում նաեւ իրենց ընդդիմադիր համարողները։ Ահա՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը նույն «կլակյորական» ոճով հայտարարում է, թե Գագիկ Ծառուկյանը պիտի վարչապետ լինի։ Տեսնես տնտեսագիտության սույն դոկտորն այս քծնանքը հրապարակ նետելուց առաջ ի՞նչ է մտածել։ Կամ մտածե՞լ է ընդհանրապես։ Կասկածում եմ։ Միքայել Մելքումյանը գիտի, որ Գագիկ Ծառուկյանի կրթությունն ու ինտելեկտը բավարարում են առնվազն առնել-ծախելով փող աշխատելուն, բայց ոչ երբեք պետական պաշտոն զբաղեցնելուն։ Բայց ասում է, որովհետեւ ինքն էլ մի «կյակյոր է», որին վճարում են հենց ծափահարելու համար… Հա, չմոռանամ մի հարց տալ դույն դոկտորին. «Լա՞վ հարսանիք էր։ Մի կուշտ կերա՞ր… վերջին պատերազմի զոհերի հիշատակի կենացը խմեցի՞ր։ Հարսի ու փեսու մուտքի ժամանակ սրտանց ծափ տալը հո չմոռացա՞ր։ Ձեր մասին եմ մտածում. մարդ ես, հանկարծ կտեսնեին ծափ տալդ անկեղծ ու ջանադիր չի (ականջդ կանչի Հյուսիսային Կորեա) կբռնեին ու կգցեին առյուծի վանդակը»:
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։