ՀՀ Կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ է առաջարկել։ Դրանով նախատեսվում է բարձրացնել ՀՀ վերադարձած քաղաքացիներին վկայական տրամադրելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը։ Գործող օրենքը նախատեսում է 30 հազար դրամ այն դեպքում, երբ դիմողը չի ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ, եւ 10 հազար դրամ, եթե ներկայացնում է օգտագործման համար անպիտան կամ ժամկետանց փաստաթուղթ։ Ըստ Կառավարության` տուրքի վերոնշյալ չափերը չեն ծածկում պետության ծախսը։ Առաջարկվող նոր դրույքաչափերն էլ մի քանի անգամ գերազանցում են գործող գները։
Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար սահմանել 20 հազար դրամ տուրք, անձնագրի վերականգնման, տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար կամ վերադարձի վկայական տարամադրելու դեպքում` 45 հազար դրամ, իսկ տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու համար` 90 հազար դրամ։
Միաժամանակ առաջարկվում է հանել 16 տարին լրացած քաղաքացիների համար սահմանված ֆինանսական արտոնությունը։ Գործող օրենքով` 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներն ազատվում են 1000 դրամ պետական տուրքի վճարումից։ Առաջարկվող նոր իրավակարգավորմամբ նախատեսվում է 1000 դրամի վճարումը դարձնել պարտադիր։ Կառավարության հաշվարկով` օրենքի նախագծի ընդունմամբ միայն անձնագրային վերոհիշյալ գործարքներից գանձվող պետական տուրքի տարեկան գումարը կավելանա շուրջ 75 միլիոն դրամով: Գործադիրը հունիսի 1-ին հաստատել է ԱԳՆ առաջարկած օրինագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով։