Հայաստանում բուժաշխատողների հավաստագրման համակարգը ներդրվել է 2016-ի մայիսին` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, բայց հավաստագրվելը պարտադիր է դարձել 2023 թվականի հունվարի 1-ից։ Բուժաշխատողները պարտադիր պետք է հավաստագրում անցնեն առողջապահության ոլորտում աշխատել սկսելու կամ աշխատանքը շարունակելու համար։ Առաջին շրջափուլն ավարտվել է 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ, այժմ ընթանում է 2-րդ շրջափուլը:
Հավաստագրում անցնելու համար հարկավոր է շարունակաբար մասնակցել վերապատրաստումների եւ հավաքել միավորներ (կրեդիտներ), զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Եվ միայն բավարար աշխատանքային փորձ ու միավորներ ունենալուց հետո հնարավոր է ստանալ ՇՄԶ հավաստագիր։
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն` հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման եւ ՇՄԶ հավաստագրի տրամադրման ընթացակարգ է: Արդյունքում տրամադրվում են 2 տեսակի հավաստագրեր` առաջին անգամ մասնագիտական գործունեության (հավաստագրման այս տեսակը նախատեսված է նրանց համար, ովքեր ուսումն ավարտել են եւ արդեն պետք է աշխատանքի անցնեն որևէ բուժհաստատությունում) եւ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր։
Բուժաշխատողները հավաստագրվում են 5 տարին մեկ՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում օրենքով սահմանված ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը կուտակելու եւ առնվազն 3 տարի մասնագիտական գործունեություն ծավալելու դեպքում։ Առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրամադրվում է բարձրագույն եւ հետբուհական/միջին մասնագիտական կրթության եւ որակավորման փաստը հավաստող պետական քննական հանձնաժողովի որոշման ընդունման պահից՝ դարձյալ 5 տարի ժամկետով։
Ավագ բուժաշխատողները հինգ տարվա ընթացքում պետք է հավաքեն նվազագույնը 220, դեղագետները՝160, միջին բուժաշխատողները՝ 140, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ։
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի համաձայն`պարտադիր հավաստագրում պետք է անցնեն ավագ եւ միջին բուժաշխատողները:
Առողջապահության նախարարության քարտուղար Վահե Հակոբյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է՝ բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները, մարդկանց կյանքի եւ առողջության նկատմամբ մեծագույն պատասխանատվությունը հիմք են դարձել բուժաշխատողների շարունակական կրթության, այսինքն՝ մասնագիտական գործունեության ամբողջ ընթացքում նոր գիտելիքների, ունակությունների, հմտությունների ձեռքբերման համար։ Միջազգային փորձը ցույց է տվել՝ դա անմիջականորեն ազդում է նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարձրացման վրա:
«Հընթացս հնարավորություններ են ստեղծվում առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներն ընդլայնելու եւ բուժաշխատողների շարժունությունը խթանելու համար: Հավաստագրման համակարգը համապատասխանեցված է Շարունակական բժշկական կրթության եվրոպական հավաստագրման խորհրդի միջազգայնորեն ճանաչված չափանիշներին»,- ասում է ՀՀ առողջապահության նախարարության քարտուղար Վահե Հակոբյանը։
Աշխատող շուրջ 35 000 ավագ եւ միջին բուժաշխատողներից շուրջ 33 000-ը հավաստագրվել է։ Չհավաստագրված բուժաշխատողների մի մասը հայտ է ներկայացրել առողջապահության ազգային ինստիտուտ եւ ստացել տեղեկանք հավաստագրման գործընթացի վերաբերյալ։
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ բուժհաստատությունները պետք է դադարեցնեն աշխատանքային հարաբերությունները հավաստագիր չունեցող բուժաշխատողների հետ։
Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի հրամանի համաձայն՝ ՇՄԶ կրեդիտներ կարելի է կուտակել Հայաստանում կամ արտերկրում կրեդիտավորող մարմինների կրեդիտավորված միջոցառումներին մասնակցելով, գիտական աշխատանքներ հրատարակելու, արտերկրի համալսարանական կլինիկաներում կամ գիտահետազոտական կենտրոններում չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացների մասնակցելու միջոցով եւ այլն:
«ՇՄԶ կրեդիտներ բուժաշխատողները կարող են կուտակել ՇՄԶ կրեդիտավորված տարբեր միջոցառումների (ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով դասընթացներ, սեմինարներ, կոնֆերանսներ եւ այլն) մասնակցելով։ Այժմ տարբեր կազմակերպություններ անվճար հիմունքներով եւս միջոցառումներ անցկացնում են»,- ասում է առողջապահության նախարարության քարտուղար Վահե Հակոբյանը։
Անհրաժեշտ թվով ՇՄԶ կրեդիտներ բուժաշխատողը կարող է ձեռք բերել աստիճանաբար՝ 5 տարվա ընթացքում։
Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ վերապատրաստման ծրագրերը կարող են լինել ձեւական եւ մասնագետի կարիքին չհամապատասխանեցված, Վահե Հակոբյանը պատասխանում է՝ ՇՄԶ կրեդիտավորված միջոցառումների ծրագրերը ուսումնասիրվում են մանրամասն եւ գնահատման նպատակով հաճախ մասնագիտական եզրակացության են ներկայացվում ոլորտի առաջատար մասնագետներին եւ առողջապահության նախարարության խորհրդատուներին՝ ծրագրային բովանդակության, որակի եւ արդիականության եւ թիրախային լսարանի՝ տվյալ ծրագրին համապատասխանության տեսանկյունից։
«Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մշտադիտարկում կրեդիտավորված միջոցառումների շրջանակներում»,- նշում է Վահե Հակոբյանը։
Բժիշկ, առողջապահության կառավարիչ Հայկազ Հարությունյանն ասում է՝ հավաստագրված բժիշկներն ավելի մեծ վստահություն են ներշնչում բուժառուների շրջանում, բայց մեր երկրում հավաստագրման ինստիտուտն այնքան էլ արդյունավետ չի աշխատում։ Այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ ինչ-որ կազմակերպություն, որը կրեդիտավորված միջոցառումների ծրագրեր է իրականացնում, կարող է բազմաթիվ թերացումներ ունենալ։
Ըստ բժշկի՝ հենց սա է պատճառը, որ բուժաշխատողների շրջանում հնչում են կարծիքներ, թե հավաստագրման գործընթացը միջոց է որոշ կազմակերպությունների կամ անձանց «գրպանները լցնելու» համար, քանի որ կան միջոցառումներ, որոնց մասնակցելու եւ կրեդիտներ հավաքելու համար հարկավոր է վճարել։
Մասնագետն ասում է՝ իհարկե, կան վճարովի միջոցառումներ, որոնք որակյալ նյութեր, այդ թվում՝ սերտիֆիկացված գրականություն են տրամադրում միջոցառման մասնակիցներին, բանախոսներն արվեստավարժ են ու բանիմաց, եւ կարեւոր է նման միջոցառումների մասնակցելը, բայց այդ դեպքում վճարում է ոչ թե բուժհաստատությունը կամ նախարարությունը, այլ հենց բուժաշխատողը։ Որոշ բուժաշխատողներ, գուցե, հնարավորություն չունենան վճարելու, որ վերապատրաստման բարձրակարգ ծրագրերի մասնակցեն։
Բժիշկն ասում է՝ եթե քաղաքում աշխատող եւ ապրող բուժաշխատողների համար դժվար չէ կրեդիտավորված միջոցառումներին մասնակցելը, ապա մարզերում ապրողները ստիպված են գործից կտրվել, բուժառուներին թողնել ու հասնել Երեւան՝ վերապատրաստման ծրագրերի կամ առցանց դասընթացների մասնակցելու, որոնք, ցավոք այնքան էլ մեծ տեղեկույթ չեն պարունակում։
«Այսուամենայնիվ, միջազգային փորձը ցույց է տալիս՝ հավաստագրման գործընթացը շատ կարեւոր է առողջապահական ոլորտի զարգացման գործում»,- ասում է Հայկազ Հարությունյանը։
Խոսելով բուժաշխատողների՝ հավաստագրմանը զուգընթաց նոր գիտելիքներ ձեռք բերելու, վերապատրաստվելու մասին՝ Հայկազ Հարությունյանն ասում է՝ անշուշտ, այս գործընթացը միտված է հենց դրան, բայց պետք է փաստել՝ միշտ չէ, որ մասնագետի հավաքած կրեդիտներն ուղիղ համեմատական են նրա ձեռք բերած նոր գիտելիքներին։
«Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է բուժաշխատողը գրանցվի որեւէ միջոցառման, բայց երբեմն բացակայի, եւ, այդուամենայնիվ, տվյալ կազմակերպությունը նրան շնորհի կրեդիտներ որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ ընդհուպ նաեւ որոշակի գումարի դիմաց։ Հետեւաբար հավաստագրման գործընթացը վերահսկող մարմինը պետք է մշտապես աչալրջորեն վերահսկի այն»,- ասում է բժիշկ, առողջապահության կառավարիչ Հայկազ Հարությունյանը։
Ըստ նրա՝ հարկավոր է ստեղծել վերահսկողության այնպիսի արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի այս կամ այն կազմակերպությունը որոշ բուժաշխատողների, նույնիսկ նրանց, որոնք դասընթացներից հաճախ բացակայելու են կամ ընդհանրապես չեն հաճախելու, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, կրեդիտային միավորներ չշնորհի:
Մասնագետն ասում է ՝ աշխարհի զարգացած երկրներում կան հավաստագրման վերաբերյալ համապարփակ փաթեթներ, ուղեցույցներ, որտեղ մանրամասնարեն նշված է, թե ո՛ր մասնագետի համար վերապատրաստման ինչ ծրագրեր են անհրաժեշտ, սակայն մեր երկրում նման փաթեթներ չկան, ուստի չի բացառվում, որ բուժաշխատողը մասնակցի ինչ-որ միջոցառման եւ ստանա կրեդիտներ, բայց այդ միջոցառման ընթացքում ներկայացված նյութերն արդյունավետ չլինեն մասնագետի վերապատրաստման գործում։
«Այսինքն՝ հնարավոր է՝ բուժաշխատողը կրեդիտներ ստանալու համար անարդյունավետ ծախսի իր ժամանակը, մինչդեռ այդ ժամանակը կարող էր օգտագործել բուժառուներին բուժելու համար։ Այսուհանդերձ, ուզում եմ շեշտել՝ քանի որ Հայաստանում հավաստագրման գործընթացը նոր է մեկնարկել, հնարավոր է, որ առկա թերություններն աստիճանաբար շտկվեն»,- ասում է Հայկազ Հարությունյանը։
Ապարանի բժշկական կենտրոնում աշխատող բուժքույր Գայանե Հովհաննիսյանը, որը հավաստագրվել է 2022 թվականի վերջին, ասում է՝ բուժաշխատողների հավաստագրմանը դրական է վերաբերվում․ դասընթացների ընթացքում հնարավոր է նոր գիտելիքներ ձեռք բերել ու է՛լ ավելի արդյունավետ աշխատել։
Գայանե Հովհաննիսյանը մի քանի անգամ Երեւան է գնացել՝ կոնֆերանսների մասնակցելու։ Որպես մարզում բնակվող բուժքույր՝ ասում է՝ Երեւան հասնելը բարդ է․ շատ ժամանակ է ծախսվում, բացի այդ՝ բուժաշխատողն ինքը պիտի վճարի ճանապարհածախսը։
«Հենց այդ խնդիրներից խուսափելու համար ես նախորդ տարի մի ծրագրի շրջանակում մի քանի շաբաթ ամենօրյա գրաֆիկով առցանց դասընթացի մասնակցեցի։ Իհարկե, կային ծրագրեր, որոնց կուզեի մասնակցել, բայց դրանք Երեւանում էին անցկացվում, ուստի հիմնականում փորձեցի գտնել առցանց ծրագրեր»,- պատմում է Գայանե Հովհաննիսյանը։
Բուժքույրն ասում է՝ շատ կուզեր, որ որոշ դասընթացներ մարզերում էլ անցկացվեն․ այդ պարագայում բուժաշխատողները ժամանակ ու ֆինանսական միջոցներ չեն ծախսի Երեւան հասնելու համար։
«Աշխատանքից կտրվում ենք, մինչեւ հասնում ենք Երեւան ու վերադառնում․ երբեմն շատ դժվար է լինում աշխատանքային գրաֆիկը փոխել, հարմարեցնել այնպես, որ հնարավոր լինի հասնել Երեւան, դասընթացին մասնակցել ու վերադառնալ Ապարան՝ աշխատանքի»,- ասում է Գայանե Հովհաննիսյանը։
Նա նշում է՝ կան վճարովի ծրագրեր, որոնց ոչ միայն ինքը, այլեւ շատ բուժաշխատողներ ցանկանում են մասնակցել, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցում։
«Շատ լավ կլիներ, որ պետությունը հոգար այդ մասին, եւ այդ վճարովի ծրագրերն էլ անվճար լինեին, քանի որ բուժաշխատողն իր ձեռք բերած գիտելիքներն օգտագործում է բուժսպասարկում իրականացնելիս, հետեւաբար, եթե պետությունը նման քայլ ձեռնարկի, կարող է ուղղակիորեն է՛լ ավելի բարձրացնել բուժսպասարկման որակը մեր երկրում»,- եզրափակում է Գայանե Հովհաննիսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։