Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 1-ին Քիշնեւում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ բանակցություններն արդյունավետ էին։ Նա նշել է, որ այս հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք մայիսի 14-ին քննարկել էին Բրյուսելում։ «Մենք քննարկել ենք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Միշելը նաեւ հայտնել է, որ նույն մասնակիցներով հնգակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Իսպանիայում։
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ անցկացված հնգակողմ հանդիպումը տեւել է մոտ 1 ժամ ու կես։ Հնգակողմ հանդիպումից առաջ մոտ 10 րոպե տեւողությամբ կարճատեւ եռակողմ հանդիպում է անցկացվել` Փաշինյան-Միշել-Ալիեւ ձեւաչափով։