Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան, ոըը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կարեւորում է Երեւանի եւ Բաքվի միջեւ բաց երկխոսությունը՝ առաջընթաց գրանցելու համար։ Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում ոգեւորված են խաղաղության համաձայնագրի շուրջ կողմերի միջեւ բանակցություններում շարունակական ներգրավվածությամբ եւ առաջընթացով, ներառյալ հունիսի 1-ին Քիշնեւում տեղի ունեցած երկու երկրների ղեկավարների հանդիպումը։
«Բաց երկխոսությունը կարեւոր է առաջընթացի համար՝ ներառյալ հեռանկարների լիարժեք ըմբռնումը: Կշարունակենք խրախուսել երկխոսությունը եւ աջակցել կողմերին, երբ նրանք աշխատում են երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- շեշտել է պետքարտուղարության պաշտոնյան:
Հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։