Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով իրանական Ֆորդոյի միջուկային օբյեկտում մինչեւ 83,7% ուրանի հարստացման գործի հետաքննությունը փակելու եւ Մերիվանում չհայտարարագրված օբյեկտում հայտնաբերված արհեստական ուրանի հետքերի հարցը հանելու մասին Ատոմային էներգիայի միջազգային (ՄԱԳԱՏԷ) գործակալության վերջերս ընդունած որոշումը, հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ն Իրանի ղեկավարության առջեւ կապիտուլյացիայի է ենթարկվել: «ՄԱԳԱՏԷ-ի անարդյունք պահվածքը թույլ արդարացումների պայմաններում Իրանի կառավարիչներին ակնարկում է, որ նրանք ստիպված չեն լինի իրենց խախտումների համար որեւէ գին վճարել, եւ որ նրանք կարող են շարունակել խաբել միջազգային հանրությանը՝ շարունակելով միջուկային զենք ձեռք բերելու իրենց ջանքերը», — ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործունեության վրա աշխարհի աչքերը Իսրայելն է բացել հինգ տարի առաջ, երբ Իսրայել բերվեց իրանական միջուկային գաղտնի արխիվը: Նրա համոզմամբ՝ այդ տեղեկությունը միանշանակ ապացուցում էր, որ Իրանը խախտում է վերահսկողության մասին համաձայնագրերը եւ հարստացնում ուրանը ռազմական, ոչ թե անմեղ քաղաքացիական նպատակներով։ «Այդ ժամանակից արգելված վայրերում միջուկային նյութերի հայտնաբերման վերաբերյալ Իրանի արդարացումները ոչ միայն անհուսալի են, այլեւ տեխնիկապես անհնար»,- ընդգծել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Associated Press գործակալությունը, հղում անելով գործակալության գաղտնի զեկույցին, հայտնել էր, որ իրանական երկու միջուկային օբյեկտներում ուրանի մասնիկների հայտնաբերման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ն այլեւս հարցեր չունի Իրանին: Ավելին՝ ՄԱԳԱՏԷ-ն դադարեցրել է մինչեւ 83,7% ուրանի հարստացման գործի հետաքննությունը: Այս հարցը վերջին մի քանի ամիսների ընթացքում լարվածություն է առաջացրել, քանի որ ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ է մինչեւ 90% հարստացված ուրան: