Շիրակի մարզում բացվեց առաջին տնկարան-ջերմատունը։ Գյումրու սելեկցիոն կայանում մատղաշ ծիլերը շուտով ծառերի տնկիներ կդառնան, այնուհետեւ տեղ կգտնեն քաղաքային եւ գյուղական համայնքների զբոսայգիներում եւ պուրակներում: Ծառերի շիվերի մեծ մասով էլ բնակավայրերից դուրս անտառներ կհիմնվեն:
Նախաձեռնությունն իրականացվել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ղեկավարում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը՝ «Ջինիշյան» հիշատակի եւ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ: Ջերմատան եւ տնկարանի հիմնման համար Եվրոպական միությունը տրամադրել է 50000 եվրո։
250 քառակուսի մետր տարածքով ջերմատան եւ երկու հեկտար տնկարանին կից նաեւ պահեստ է կառուցվում: Այս պահին չորս տեսակի 100 հազար ծառատեսակ են աճեցնում: Բացի այդ` ծրագրի շրջանակում մինչ օրս հասցրել են 320 հազար դեկորատիվ եւ պտղատու թփերի ու ծառերի տնկիներ ստանալ:
Բարձրորակ եւ մարզի կլիմային հարմարեցված տնկիներով արդեն 60 հեկտար անտառ է հիմնվել Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի հարակից տարածքում, եւս 40 հեկտար էլ` Լոռու մարզում: Կազմակերպիչներն ուրախությամբ փաստում են, որ տնկիների 95 տոկոսից ավելին շիվեր են տվել:
Ջերմատան եւ տնկարանի բացման օրը պատահական չէր ընտրված: Ծրագրի մեկնարկը պաշտոնապես ազդարարվել էր 2021 թվականի հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլջա Կասմանը նշեց, որ վերջին 5 տարիներին ԵՄ-ն բազում պիլոտային ծրագրեր է իրականացրել Շիրակի մարզում եւ վստահեցրեց՝ Շիրակն իրենց ուշադրության կենտրոնում է:
«Տնկարան հիմնելու գաղափարը հատկապես Շիրակում մեծ կարեւորություն ունի, քանի որ մարզը աչքի է ընկնում իր սակավանտառ ծածկույթով»,- ասաց Սիլջա Կասմանը եւ հույս հայտնեց, որ նման նախաձեռնությունների շնորհիվ բնակչությունը կկապվի բնության հետ ու կկարեւորի շրջակա միջավայրի անգնահատելի բարձր դերը:
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Առուստամյանն էլ վստահեցրեց` ծրագիրը շարունակական է: Հասցրել են բացի մեծ անտառներից 150 տնամերձ տնկարաններ հիմնել հյուսիսային մարզերում, կանաչապատել հինգական զբոսայգի եւ քաղաքամերձ փոքր անտառներ, մեկ տասնյակից ավելի դպրոցների բակեր:
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը ողջունեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Էյ Թի Փի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը մարզում: Վստահեցրեց` պատրաստակամ են սատարելու նրանց յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչն իր նպաստը կբերի մարզի զարգացմանը: «Կլիմայի փոփոխության ազդեցությունը նոր մարտահրավերներ է նետել մասնագետներին, որոնց դիմակայելու եւ հաղթահարելու համար շատ կարեւոր են նորարարական մոտեցումները։ Լիահույս ենք, որ Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում ձեր գործուն մասնակցությամբ դիմակայելի կլինեն բոլոր մարտահրավերները»,- ասաց Աննա Մարտիկյանը:
Նշենք, որ տնկիների արտադրությունը այսուհետեւ կշարունակի Գյումրու սելեկցիոն կայանը, ջերմոցներն էլ կդառնան կայանի սեփականությունը։ Աճեցված տնկիներն էլ, բացի համայնքներին անհատույց տրամադրումից, հասանելի կլինեն նաեւ անհատ տնտեսվարողների համար՝ մատչելի գներով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։