Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի ՀԷԿ-ի լուրջ վնասման պատճառով Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի հովացման ավազանում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է: Այնուամենայնիվ, ԱԷԿ-ի անվտանգությանն ուղղակի սպառնալիքներ չկան: Նա նշել է, որ ավազանի ջուրը հարկավոր է հովացման համակարգի համար, որն ապահովում է ռեակտորներից մնացորդային ջերմության հեռացումը եւ վթարային դիզելային գեներատորների հովացումը: «Հովացման ջրի հիմնական համակարգերում երկար ժամանակ հովացման ջրի բացակայությունը կհանգեցնի վառելիքի հալման եւ վթարային դիզելային գեներատորների շահագործման անհնարինության: Այնուամենայնիվ, գործարանի անվտանգության համար դեռ անմիջական վտանգ չկա», — շեշտել է Գրոսին:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ իրենց տվյալներով՝ Կախովսկի ՀԷԿ-ի ամբարտակից ջուրը ժամում 5 սմ արագությամբ պակասում է: Գրոսին զգուշացրել է, որ եթե Զապորոժիեի ատոմակայանի հովացման համար օգտագործվող ավազանում ջրի մակարդակն իջնի 12,7 մետրից, այնտեղ այլեւս հնարավոր չի լինի ջուր ներմղել: Նա հավելել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի ջրի այլընտրանքային մի շարք աղբյուրներ։ Գրոսին նշել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ:
Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Ռուսական կողմն իր հերթին պնդում է, որ ուկրաինական բանակը ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գիշերը հարված է հասցրել Կախովսկի ՀԷԿ-ին: