Կանադայի խորհրդարանի Կանադա-Հայաստան բարեկամության խումբը նամակ է հղել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյին՝ հայցելով նրա աջակցությունը արցախյան հիմնախնդրի բարձրաձայնման հարցում։
Ըստ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառման՝ խումբը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ամբողջությամբ ներգրավվելու Արցախյան հիմնախնդրի բանակցություններում եւ ջանք գործադրելու հետպատերազմական պատշաճ հավասարակշռության հաստատման գործում։
Խումբը համոզված է, որ հիմնախնդրի արդար եւ տեւական լուծման հասնելու միակ ճանապարհը Հելսինկիի Եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովումն է։
Խումբը Ադրբեջանին կոչ է արել վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ երաշխավորելու իր հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։