ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Սպիտակ տանը ելույթ է ունեցել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ լարվածության թուլացման քաղաքականություն սկսելու վերաբերյալ:
Ելույթին նախորդել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու եւ ԱՄՆ-ից ՌԴ դեսպանատան 10 աշխատակիցների արտաքսման որոշումը: ԱՄՆ նախագահը շեշտել է, որ անհրաժեշտ է առաջ շարժվել կշռադատված երկխոսության եւ դիվանագիտական գործընթացների միջոցով:
«Իմ սկզբունքը հետեւյալն է. երբ Ռուսաստանի հետ համագործակցությունը կբխի ԱՄՆ շահերից, կհամագործակցենք, երբ Ռուսաստանը փորձի ոտնահարել Միացյալ Նահանգների շահերը, կհակազդենք»,- ընդգծել է Բայդենը:
Կրեմլը ամերիկյան նոր պատժամիջոցներն անընդունելի է որակել, իսկ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները՝ շինծու: ՌԴ ԱԳՆ-ն Միացյալ Նահանգների դեսպանին հայտնել է, որ Սպիտակ տան քայլերին շուտով կհետեւեն պատասխան միջոցառումներ:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մեկի վրա մտադիր չէ հարձակվել: Ըստ ՌԴ նախագահի՝ «դա նրանց հերյուրանքն է, ովքեր բավականություն են ստանում Ռուսաստանի դեմ պայքարի առաջամարտիկի իրենց դերով եւ դրա դիմաց բոնուսներ եւ արտոնությոններ են ակնկալում»:
Իսկ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորք կուտակելու վերաբերյալ Արեւմուտքի մտահոգություններին, նշել էր, որ բանակի տեղաշարժն ուղղված չէ որեւէ երկրի դեմ, այն իրականացվում է բուն Ռուսաստանի տարածքում եւ կողմնակի մեկնաբանության կարիք չունի: