Օդա գնալու ավանդույթը Գյումրիում վերականգնվել է: Այսուհետեւ տեղացի եւ Գյումրի եկած հյուրերը հնարավորություն ունեն երեկոները վայելելու «Օդա» անունով, հին ոճով, բայց նորովի ձեւավորված մշակութային կենտրոնում: Կիսախավար օդայի կենտրոնի վիրտուալ խարույկն ու վառվող փայտի ճարճաթյունը, դրանում խորովվող խնձորները այցելուներին հեքիաթային անցյալ կտեղափոխեն:
Նախկինում օդան եղել է տուն-հավաքատեղի: Երբ մարդիկ կապույտ էկրանի, առավել եւս համացանցի մասին պատկերացում անգամ չունեին, ծանր աշխատանքային օրվա ավարտին տեղեկության փոխանակման, ինչպես նաեւ հաճելի ժամանցի համար օդաներում են հավաքվել: Հավաքվել են, հեքիաթներ ու հետաքրքիր պատմություններ պատմել, զրուցել, երգել։
Գյումրեցի արվեստագետներ Վարդանյան եղբայրները օդայի մշակույթը վերականգնելու, մարդկանց վիրտուալ աշխարհից մասամբ կտրելու եւ պապենական սովորույթին նոր կյանք տալու գաղափարի հեղինակներն են: Անցյալն ու ներկան կապող օդա ունենալու գաղափարը ողջունել եւ հիմնադրմանը աջակցել է ԵՄ-ի՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար» ծրագիրը: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային հանրապետության կողմից, իրականացնողն էլ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագիրն է:
«Օդայի» բացման հանդիսության ընթացքում սոցիալ-մշակութային կենտրոնի հիմնադիր, նկարիչ Հրաչ Վարդանյանը տեղեկացրեց, որ այստեղ մշտապես լինելու են մշակութային թեմատիկ օրեր՝ երաժշտությանը, արվեստին, պոեզիային նվիրված: Արվեստագետը վստահ է՝ վերականգնված ավանդույթի շնորհիվ այցելուները կներթափանցեն սեփական ծագման խորքերը, ինչի շնորհիվ կբացահայտեն ու ավելի լավ կճանաչեն իրենք իրենց ու միմյանց: «Տարեցները օդաներում հեքիաթ ու պատմություն են պատմել, երգել եւ իրենց ձայնի ելեւէջներով իմաստնություն են փոխանցել: Մեր նպատակն է ոչ թե գիտելիք, այլ իմաստնություն փոխանցել այստեղ, ճամփորդել երազային ու այնկողմյան աշխարհում»,- ասաց հիմնադիրը:
ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը տպավորված էր տեսածից ու զգացածից: Նա վստահություն հայտնեց, որ «Օդան» դառնալու է կամուրջ տարբեր համայնքների, հին ու նոր սերնդի մարդկանց միջեւ: Ասաց՝ հպարտ են, որ այսպիսի խորիմաստ նախաձեռնության մեջ ԵՄ-ն ներդրում ունի: «Զբոսաշրջության զարգացման այս դարաշրջանում զբոսաշրջիկն ուզում է աչքի առաջ ունեցած տեսարանից բացի մշակութային կոլորիտ զգալ ու խորքային բացահայտումներ անել: Այստեղ նրանք ոչ միայն կտեսնեն, այլեւ մասնակից կդառնան ժողորդածիսական սովորույթներին»։
GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը իրական ու իրարժեք որակեց նախաձեռնությունը: Ասաց՝ իրեն զգում է ժամանակի մեքենայի մեջ, ճամփորդում է անցյալում, բացահայտում հինը:
Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը երախտիքի խոսք ասաց գաղափարի հեղինակներին, ֆինանսավորողներին եւ իրականացնողներին: Մաղթեց, որ «Օդան» մարդաշատ լինի, մտնողի ոտքն էլ՝ բարի: Խոստացավ, որ Գյումրիում մոտ օրերս կայանալիք ամենամյա «ART Շաբաթ» դասական երաժշտության փառատոնի բոլոր երեկոներն ու մշակութային զրույցներն ամփոփելու են այստեղ։
«Օդայի» բացումը նշանավորվեց մեկ այլ՝ մոռացման եզրին գտնվող մշակույթի՝ ստվերների թատրոնի վերածնունդով: Գյումրու Մտորումների թատրոնը հանդես եկավ «Գյումրվա գույները» հին ալեքպոլյան կատակերգերի ու մանրապատումների ներկայացումներով: Հյուրերի հետ հաղորդակցվեցին գյումրեցի ճանաչված զվարճաբաններ Ծիտրո Ալեքի ու Պոլոզ Մուկուչի «ստվերները»՝ սիրված դերասանների ձայներով: Թատրոնի հիմնադիր, դերասան Հովհաննես Հովհաննիսյանը խոստացավ՝ վերականգնված ստվերների թատրոնը հաճախ կլինի«Օդայում»:
Իրենց գաղափարներով եւ փորձով «Օդայի» ստեղծմանն աջակցել են նաեւ ավստրիացի մշակութային մենեջեր եւ արվեստագետ Էլիզաբեթ Հանդլը, գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերը, բազմաթիվ այլ արվեստագետներ արտերկրից եւ Հայաստանից։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։