Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ Մարտունիում ԵՄ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (COEST) աշխատանքային խմբի պատվիրակությանը հյուրընկալելիս հայտարարել է, որ առաքելությունը մտադիր է երեք հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջեւանում եւ Եղեգնաձորում՝ աստիճանաբար հասնելով մոտ ապագայում լիարժեք օպերացիոն հնարավորության:
Ռիտերը նշել է, որ գործունեության առաջին եռամսյակում առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում եւ Մարտունիում իր հանգույցներում: Ամեն շաբաթ պարեկներն անցնում են ավելի քան 3800 կմ տարածություն: «Մեր նպատակն է, ի թիվս այլնի, նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», — ասել է ԵՄ առաքելության ղեկավարը։
Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայված քաղաքացիական, ոչ ռազմական EUMA առաքելության նպատակն է դիտարկել եւ ԵՄ-ին զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ: Առաքելության շտաբն իր վեց օպերատիվ բազաներով Եղեգնաձորում է: Երեւանում ունի աջակցության եւ կապի փոքր գրասենյակ։