«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւան-Բաթում-Երեւան միջազգային երթուղով գնացքը կսկսի գործել հունիսի 14-ից։ Գնացքը կշարժվի երկու օրը մեկ։ Ընդ որում` ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը: «Հարավկովկասյան երկաթուղի» եւ «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 7-ին Երեւանում անցկացված հանդիպմանը քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջեւ փոխգործակցության եւ առավել սերտ համագործակցության հնարավորությունները։
Քննարկվել են նաեւ 2023-ի 5 ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղեւորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը եւ այլն: Կողմերը պայմանավորվել են նաեւ ուղեւորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։ Տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից։
2022-ի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը եղել է 906 հազար տոննա։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները «Հարավկովկասյան երկաթուղու» հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):