Փարիզում լույս է տեսել Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետներ Բալյան (Պալեան) գերդաստանի մասին գիրքը: Ֆրանսերենով գրված գրքի հեղինակը արմատներով պոլսահայ ֆրանսաբնակ բարերար, հասարակական գործիչ եւ ճարտարապետ Հրաչ Քրմզյանն է:
«Վերոն» հրատարակչության տպագրած «Arrivé d’ailleurs: Le destin d’une vie» վերնագրով գիրքը ներկայացնում է Բալյան հռչակավոր ընտանիքի պատմությունն ու օսմանյան սուլթանների համար նրանց կառուցած շքեղ պալատները, Կ. Պոլսի դեմքը կազմող հանրային նշանակության կառույցները, դամբարանները, կրոնական ու արտադրական շինությունները, զորանոցները եւ այլն…
Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ բացի Բալյանների հարուստ ժառանգությունը ներկայացնելուց, հեղինակը գրքում ամփոփել է նաեւ Թուրքիայում ճարտարապետական հարցերի շուրջ առկա տարբեր բանավեճեր եւ իր դիտարկումները դրանց շուրջ:
Հրաչ Քրմզյանն ու նրա եղբայրը՝ Հակոբ Քրմզյանը, տարիներ առաջ Սկյուտարի գերեզմանատան Ս. Խաչ թաղամասում նորոգել են Բալյան գերդաստանի շիրիմը եւ այն դամբարանի են վերածել: Այս բարերարությունը Թուրքիայում լայն արձագանք է գտել, մեկ անգամ եւս հիշատակվել են Բալյանների մեծ ներդրումն ու անփոխարինելի նպաստը օսմանյան ճարտարապետության մեջ. Բալյանների կառույցների մեծ մասը (այդ թվում՝ ներկա նախագահական նստավայրերը) մինչ օրս պահպանվել է:
«Ժամանակ»-ը նշում է նաեւ, որ հեղինակը գիրքը ձոնել է իր ծնողների՝ Վահրամ եւ Շնորհիկ Քրմզյանների հիշատակին: Գրքում Հրաչ Քրմզյանը նաեւ իր կյանքից հուշեր եւ ճամփորդական նոթեր է զետեղել, որոնցում արտահայտել է գիրք հրատարակելու իր դրդապատճառները:
Հրաչ Քրմզյանը ծնվել է Ռումինիայում, 1950-ականներին մեկնել է Ստամբուլ, որոշ ժամանակ ապրել ու սովորել այնտեղ, այնուհետեւ տեղափոխվել է Փարիզ: Այժմ հանգստի է անցել, բայց տարվա մի մասն անցկացնում է Ստամբուլում, որտեղ շարունակում է ուսումնասիրել Բալյանների ժառանգությունը: