Տարիներ առաջ ձմռանը՝ հունվարին, իմ ծանոթներից մեկի սեփական տան ջուրը հանկարծ կտրվեց։ Նման բան առաջին անգամ էր պատահում։ Բոլոր հարեւաններն ունեին ջուր, իսկ նրա տուն ջուր չէր հասնում։ Խնդիրը հասկանալու համար նա հրավիրեց փականագործի։
Տարիքով մարդ էր, եկավ, սկսեց հարցեր տալ, հետաքրքրվեց, թե որտեղով է անցնում ջուր բերող խողովակը։ Մի փոքր զբոսնեց այգում, որտեղով անցնում էր այն։ Հետո ցույց տվեց հնարավոր վթարի մոտավոր տեղն ու ասաց․ «Խողովակը վթարվել է այգում՝ այս հատվածում։ Իսկ պատճառն այն է, որ ծառի արմատները, զգալով մոտալուտ գարունը, սկսել են աշխատել եւ իրենց շարժումով ճզմել են խողովակը»։
Անհավատալի էր թվում։ Դեռ ցուրտ ձմեռ էր, մինչեւ գարնան գալը երկու ամիս կար։ Սակայն պարզվեց, որ նա ճիշտ էր։
Ուրեմն ի՞նչ․․․ Ձմռան կեսին ծառերի արմատները զգո՞ւմ են գարնան մոտենալը եւ սկսում են աշխատե՞լ։ Փաստորեն՝ այո՛։ Եվ նման օրինակների մենք կյանքում շատ ենք հանդիպում։
Ժողովուրդն ասում է․ «Եթե սոխի կեղեւը բարակ է, ուրեմն ձմեռը տաք է լինելու»։ Ըստ այդ հավատալիքի՝ սոխը զգում է, թե ձմեռն ինչպիսին է լինելու, եւ դրան համապատասխան էլ հագնվում է։
Մեկ այլ օրինակ․ Արարատյան դաշտավայրի արագիլները եւս զգում են՝ առաջիկա ձմեռը ցուրտ է լինելու, թե ոչ։ Եթե նրանք զգում են, որ գալիք ձմեռը ցուրտ է լինելու, նախօրոք չվում են տաք երկրներ։
Ես համոզված եմ՝ այս ունակությունն ունեն բոլոր կենդանի էակները։ Բացառություն չէ նաեւ մարդը։
Մեզ տրված է գուշակել ապագան
Բոլոր մարդիկ ունեն ապագան զգալու պոտենցիալ ունակություն։ Տեսեք՝ մենք զգում ենք ձմռան մոտենալը․ այդ մասին վկայում են օրերի կամաց-կամաց ցրտելը, ցերեկների կարճանալը․․․ Բայց մենք դա համարում ենք սովորական բան, քանի որ ամեն տարի սերնդեսերունդ զգացել ենք այդ ամենը եւ հետո տեսել ձմռան գալը։ Բայց եթե անգամ մենք տեսած չլինեինք այդ ամենը, հնարամիտ եւ տրամաբանող միտքն այդ ազդանշաններում կարող էր տեսնել ապագա ձմեռը։
Նույնը կարող ենք ասել գարնան մասին։ Ձմռան վերջում շատերից կարող ենք լսել՝ «գարնան հոտը զգացվում է օդում» կամ «գարունն իրեն զգացնել է տալիս»։ Սա նշանակում է, որ այդ օրերին մենք զգում ենք այնպիսի բաներ, որոնք «խոսում» են ապագա հայտնվող գարնան մասին։ Օրերը տաքանում են, ցերեկները՝ երկարում։ Եթե կարողանայինք դիտել, կնկատեինք, որ ծառերի արմատները սկսել են շարժվել, նրանք աշխատում են։
Այս ամենը վկայում է գարնան մոտենալու մասին։ Ինչ-որ իմաստով սրանց կարելի է կոչել ապագայի ներկայացուցիչներ կամ գործակալներ։ Նրանք իրենց ներկայությամբ վկայում են հայտնվող ապագայի մասին, իսկ իրենց գործունեությամբ՝ նպաստում նրա գալուն։
Ես մտածում եմ, որ ոչ մի բան միանգամից չի լինում։ Անգամ լույսը միանգամից չի բացվում, ոչ էլ գիշերն է գալիս միանգամից։ Ցանկացած փոփոխության նախորդում է ապագայի ներկայացուցիչների գալը։ Եվ բավական է մարդը ուշադիր նայի ընթացիկ իրավիճակին, կարող է այնտեղ տեսնել հայտնվող ապագան՝ այն ապագան, որ կանգնած է դռանը եւ թակում է այն։
Չեմ կարծում, թե ապագան տեսնելը, զգալը ինչ-որ անհավանական բան է։ Մտածում եմ, որ այն տեսնելու ունակություն այս կամ այն չափով ունի մեզնից յուրաքանչյուրը։
Ապագան զգալու մասին կան բազմաթիվ վկայություններ։ Շատերս կարող ենք հիշել նման դեպքեր։ Մեկիս մտերիմը երազում տեսել է կատարվելիքը, մյուսն ամբողջ օրը իրեն վատ է զգացել եւ հետո հասկացել է, որ պատճառը ապագայում լինելիքն էր։
Երազները, լավ կամ վատ կանխազգացումները գալիս են մեր ենթագիտակցությունից։ Բայց հայտնի են դեպքեր, երբ մարդիկ գիտակցված զարգացրել են իրենց՝ ապագան տեսնելու ունակությունը։ Այդպիսի դասական օրինակ է Գյոթեի դեպքը։
Գյոթեն գուշակում էր, թե ինչպիսին է լինելու եղանակը
Հայտնի է, որ Գյոթեն առավոտները նայում էր երկնքին եւ փորձում գուշակել, թե ինչպիսին է լինելու օրը։ Որքան էլ զարմանալի է, այդ ունակությունը Գյոթեն կարողացել էր ձեւավորել հետեւողական, ամենօրյա աշխատանքի շնորհիվ։ Նա առավոտյան նայում էր երկնքին եւ փորձում ուղղակի զգալ, թե ինչպիսին է լինելու եղանակն այդ օրը։ Երեկոյան համեմատում էր իր զգացածն անցած օրվա հետ։ Եթե կարողացել էր գուշակել, ջանում էր հիշել, թե ինչ զգացողություն իրեն հուշեց դա։ Նաեւ, եթե մի բան սխալ էր զգացել, ջանում էր վերհիշել սխալին ուղղորդող զգացողությունները եւ հաշվի առնել դրանք հաջորդ օրերին։ Այսպես նա զարգացնում էր իր՝ ապագան տեսնելու ունակությունը։ Նման վարժությունների միջոցով Գյոթեն հասավ այն բանին, որ անսխալ գուշակում էր ապագա եղանակը։ Նա նման քայլերով իր ներսում ձեւավորում էր սուտը ճշտից տարբերակելու նուրբ ունակություն՝ ճշմարտացիության զգացողություն։
Ապագան տեսնող քաղաքական առաջնորդներ
Երիցս ճիշտ է Սենեկան՝ «Չկա համընթաց քամի նավազի համար, ով չգիտե, թե որ նավահանգստում է ուզում կառանել նավը»։
Համարձակվում եմ ենթադրել, որ մեր անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր քաղաքական առաջնորդները չգիտեին, թե որ «նավահանգստում էին ուզում կառանել մեր նավը»։ Իսկ չգիտեին, քանի որ չէին տեսնում հայտնվող ապագան։ Նրանք առաջնորդվում էին իրենց անցյալի փորձով, համակրանքներով եւ հակակրանքներով։ Սակայն քաղաքականությունը իրականանալի ապագա առաջնորդելու արվեստն է։ Ես չգիտեմ, թե նրանցից որեւէ մեկը երբեւէ փորձել է տեսնել այն ապագան, որ պահված է հենց մեզ համար։ Եթե չեն էլ փորձել, ուրեմն նրանք մեզ առաջնորդում էին մի տեղ, որ իրենք էլ չէին տեսնում։ Այդ պարագայում չի կարող լինել համընթաց քամի։ Մի՞թե այս ամենը չի նմանվում այն դեպքին, երբ կույրը կույրին է առաջնորդում։ Նման դեպքերում երկուսն էլ փոսն են ընկնում։
Մեր օրերում իսկական առաջնորդ կարող է դառնալ միայն նա, ով ունի ապագայի այդ տեսլականը եւ խոսում է այն ապագայից, որը կանգնած է դռանն ու խոսում է մեր սրտերի հետ։ Մեզ պետք են ապագայի գործակալ առաջնորդներ։ Նրանք գալիս են այդ ապագայից, իրենց տեսակով վկայում են այդ ապագայի ինչպիսին լինելու մասին եւ գործում են հանուն այդ ապագայի հայտնվելու։ Նրանք բերում են փոփոխություններ, առանց որոնց մենք կմնանք անցյալի կապանքներում։
Մարդը կարող է ներկայում տեսնել ե՛ւ անցյալն ամբողջական, ե՛ւ ապագան իր բոլոր հնարավորություններով։ Եվ առաջին քայլն այդ ճանապարհին Գյոթեի օրինակով սուտը ճշտից տարբերակող զգայարանը մեր ներսում զարգացնելն է։ Այն անհրաժեշտ է մեզ մեր կյանքի բոլոր ոլորտներում՝ ե՛ւ անձնական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ ազգային, ե՛ւ համամարդկային։
Եթե չենք փորձում տեսնել հայտնվող ապագան, մնում ենք անցյալի կապանքներում։
Առանց ապագան տեսնելու ունակության մենք նման ենք կույրերի, որ ուզում են խարխափելով մի երկրից հասնել մեկ այլ երկիր, սակայն անգամ չգիտեն, թե որ կողմում է այն։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։