ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ փրկարարները 2 օրում Հայաստանի մայրաքաղաքում ու եւս 10 բնակավայրում 15 օձ են հայտնաբերել։
ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 6-8-ը 14 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երեւանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա եւ Աշոցք գյուղերում։
Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղազննում են անցկացրել, եւ հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն եւ տեղափոխել անվտանգ տարածք: