Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվեց Արցախի պետական նախարար։ Հաջորդ օրը Խրամորթում ադրբեջանցիները կրակեցին գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիների ուղղությամբ։
Նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու համար Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, որ Ստեփանակերտի կողմից չեն հերքվել, նույն օրը նա կարճատեւ հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ոմանք ասում են՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ոմանք պնդում, որ դա «առանձնազրույց է եղել»։
ՀԱՊԿ երեւանյան գագաթնաժողովը քաղաքական առումով ձախողված էր, Հայաստանը «կանաչ լույս չվառեց», եւ ամփոփիչ որոշումներ չընդունվեցին։ Ութ օր անց՝ դեկտեմբերի 2-ին, Բաքվի «էկոակտիվիստները» Շուշիի մոտ արգելափակեցին Արցախ-Հայաստան ավտոմայրուղին։ Նրանց հետ «բանակցելու» ներկայացավ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը։ Այստեղ էլ նա առաջին անգամ հնչեցրեց Լաչինի միջանցքում «մինի մաքսակետ ստեղծելու» գաղափարը, որից հետո «էկոակտիվիստները» դադարեցրին ակցիան։ Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ Դրմբոնի եւ Կաշենի հանքերում «մեկանգամյա արտաքին դիտարկում անցկացնելու» համաձայնություն է ձեռք բերվել։
Դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «էկոակտիվիստները» խաղաղապահների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Դրմբոն եւ հանդիպեցին տեղի եւ հարակից գյուղերի բնակչության բողոքի ցույցերին։ Նույնը՝ Կաշենում (Ադրբեջանական մամուլը գրեց, որ Ռուբեն Վարդանյանը երկու դեպքում էլ ներկա է եղել, փորձել է հանդես գալ որպես միակ բանակցող եւ մերժվել)։
«Էկոդիտարկման» պայմանավորվածությունը խախտվեց։ Երկու օր անց ադրբեջանցիները Շուշի-Քարինտակ խաչմերուկում վրաններ տեղադրեցին, ավտոմայրուղին փակվեց։ Արդեն այս տարվա ապրիլի 23-ին Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին՝ Հակարիի կամրջի վրա, անցակետ տեղադրեց։
Սա «քրոնիկոն» է, ժամանակագրություն։ Այդ ընթացքում Ռուբեն Վարդանյանը պետնախարար է պաշտոնավարել, Անվտանգության խորհրդի քարտուղար է փոխվել, Ռուբեն Վարդանյանն ազատվել է պաշտոնից, պետնախարար է նշանակվել Գուրգեն Ներսիսյանը, նախագահին կից ձեւավորվել են խորհրդատվական մարմիններ, Ազգային ժողովը մի քանի հայտարարություն է ընդունել։ Ի վերջո մայիսի 23-ին Արայիկ Հարությունյանը հանդես եկավ ուղերձով, կասեցրեց ներքաղաքական քննարկումները եւ միանձնյա պատասխանատվություն ստանձնեց։
Թվում էր՝ Ստեփանակերտը պիտի «խաղաղվի»։ Նախագահը փաստացի մերժել է հարյուր օրով իրեն պետական նախարար նշանակելու՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջարկությունը, մի հեռանկար, որին դեմ էին քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարները, ուստի կարծես ոչինչ չէր խանգարում, որ նրանք «հանսգտանային» եւ աջակցեին Արայիկ Հարությունյանին, կառավարությանը։ Բայց «ստացվեց՝ ինչպես միշտ»․ Ռուբեն Վարդանյանը ձեւավորեց «Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատ» հանրային շարժում։
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ մարդկանց տեղաշարժ է սկսվել։ Բնականաբար՝ ադրբեջանական անցակետով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Հունիսի 7-ին «Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատը» հանդես եկավ «կարմիր գիծը հատելու անթույլատրելիության» մասին կոշտ հայտարարությամբ։ Հաջորդ օրը «Ճակատի» խորհրդի անդամներին ընդունեց նախագահ Արայիկ Հարությունյանը։ Եվ ահա մամուլից տեղեկանում ենք, որ Ռուբեն Վարդանյանը հանդիպումից դժգոհ է մնացել, հեռացել է, որպեսզի որոշի հետագա քայլերը։
Ինչ պահանջ է ներկայացվելու Արայիկ Հարությունյանին՝ կանխատեսելի է։ Բայց մարդիկ կարո՞ղ են աշխարհից կտրված ապրել։ Ո՞վ է երաշխավորում, որ վաղը Բաքուն ռուս խաղաղապահներին չի արգելի սնունդ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ներկրել Արցախ, կամ խաղաղապահներն իրենք չեն հրաժարվի։ Կամ Ռուբեն Վարդանյանն ինչպե՞ս է լուծելու էներգամատակարարման հարցը, եթե Սարսանգի պաշարներն սպառվեն։ Ի՞նչ է նյութվում։ Ռուբեն Վարդանյանը եկավ եւ իր հետ բերեց շրջափակում։ Ի՞նչ Արցախ է նա ուզում թողնել իրենից հետո։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։