Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա: «Ես համոզված եմ, եւ դա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես կատարում է իր առջեւ դրված խնդիրները»,- ասել է Կոպիրկինը:
Դեսպանն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ինչպես անվտանգության ապահովմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենսագործունեության ապահովմանն աջակցելուն ու լայնածավալ էսկալացիայի կանխարգելմանը: «Դա իրագործվում է։ Ես այսօրվա դրությամբ չեմ տեսնում մի ուժ, որը կարող էր այդ դերը կատարել Լեռնային Ղարաբաղում»,- «Իրավունք»-ին տված հարցազրուցում ասել է Կոպիրկինը։ Նա նշել է նաեւ, որ եթե խոսվի հեռանկարի մասին, ինչ-որ ուժեր մտցնելու համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։
Ըստ Կոպիրկինի՝ հաշվի առնելով միջազգային խաղաղապահ առաքելությունների կիրառման փորձը, չարժե էյֆորիայի մատնվել տարբեր տեսակի միջազգային եւ այլ կառույցների խաղաղպահ առաքելություններ ներգրավելու հնարավորությունների դեպքում: Մասնավորապես, առկա է Ուկրաինայի, Հարավսլավիայի փորձը։ «Այս փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ միջազգային ներկայություն բնավ խնդիրների համադարման չէ եւ միշտ չէ, որ նպաստում է դրանց լուծմանը»,- նշել է Կոպիրկինը։ ՌԴ դեսպանը կոչ է արել իրավիճակին նայելու ավելի իրատեսական եւ սթափ։