Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի այն հայտարարությանը, թե իբրեւ Նախիջեւան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։ Գրասենյաից շեշտել են, որ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, դրանց թվում՝ վերջին հանդիպման ընթացքում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Հայաստանի դիրքորոշումը եղել է եւ շարունակում է մնալ այն, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»,- ըստ «Արմենպրես»-ի՝ հավելել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից։
Հունիսի 10-ին ավելի վաղ «Մոսկվա-Բաքու» պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը հայտարարել էր, թե նախատեսվում է վերականգնել առկա տրանսպորտային հաղորդակցություններն ու կառուցել նորերը, որոնք Նախիջեւանը կկապեն Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ։ «Կապահովվեն ինչպես ուղեւորափոխադրումները, այնպես էլ բեռնափոխադրումները»,- նշել էր Ադրբեջանի փոխվարչապետը։