Բաքուն համաձայն չէ 1975 թվականի քարտեզով հայ-ադրբեջանական սահմանազատմանը։ Ինչո՞ւ։ Չէ՞ որ խորհրդային ինչ քարտեզ էլ հիմք ընդունվի, Ադրբեջանի տարածքը նույնն է՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր։ Հենց այդ տարածքով է ճանաչվել Ադրբեջանը, անդամակցել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին։
«Թուրան» գործակալությունը հարցազրույց է արել միջազգային հարցերով ադրբեջանցի փորձագետի հետ։ Պնդելով, որ հայ-ադրբեջանական սահմանազատման իրավական հիմքը խորհրդային իրողություններն են` վերջինս մի վերապահում է անում․ «Բանն այն է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ԽՍՀՄ հիմնադիր անդամ չեն, ԽՍՀՄ-ի հիմնադիր է Անդրկովկասի խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետությունը, ուստի ճիշտ կլինի հիմք ընդունել 1922-ի քարտեզը»։
Սակայն ի՞նչ տարբերություն, եթե, միեւնույնն է, դրանից Ադրբեջանի տարածքը չի մեծանում․ 1936 թվականին ԱԽՍԴՀ-ն լուծարվել է, երեք հանրապետություններն առանձին-առանձին ԽՍՀՄ-ի մաս են կազմել։ Ըստ երեւույթին, Բաքվին ձեռնտու չէ սահմանազատման մի քարտեզ ունենալ, որտեղ Ադր․ ԽՍՀ 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքից 4,4 հազարը վարչականորեն առանձնացված է որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզը կազմավորվել է 1923 թվականի հուլիսի 7-ին։ Ըստ ադրբեջանական կանխավարկածի՝ որքանով կարելի է դիտարկել, Ադր․ԽՍՀ-ն ԽՍՀՄ կազմ մտել է՝ «չունենալով Ինքնավար Լեռնային Ղարաբաղ»։
Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի «բաղկացուցիչ մաս» (որոշման մեջ այդպես է ձեւակերպված) նրա «կազմում թողնվել է» ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի 1921 թվականի հունիսի 5-ի որոշմամբ։ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի «պատկանելիության» որեւէ այլ ակտ գոյություն չունի։
Հետեւաբար Ադր․ ԽՍՀ-ն Անդրկովկասի խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետության կազմի մեջ է մտել՝ ունենալով Ինքնավար Լեռնային Ղարաբաղ հռչակելու պարտավորություն, որը մասամբ կատարել է 1923 թվականի հուլիսի 7-ին՝ Կենտգործկոմի Դեկրետով «Ղարաբաղի հայկական մասից» կազմավորելով ինքնավար մարզ, որի «հողը, անտառները, ջրերը մնում են որպես ներկա տերերի սեփականություն»։
Վաղաժամ է, իհարկե, ասել, որ պաշտոնական Բաքուն վերջնականապես հրաժարվել է 1918-1920 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ «տարածքային ամբողջականությունը 114 հազար քառակուսի կիլոմետր ընդգրկող սահմաններում վերականգնելու» մտադրությունից, բայց, երեւում է, ադրբեջանական հանրությանը նախապատրաստում են Հայաստանի հետ խորհրդային քարտեզներով սահմանազատում իրականացնելու անխուսափելիությանը։
Հնարավո՞ր է, որ ադրբեջանական ընդդիմությունը գլուխը բարձրացնի եւ Իլհամ Ալիեւին հարցնի՝ «նա օլդու՞ ջանաբ ալի բաշ կամանդան» («ի՞նչ եղավ, պարոն գերագույն գլխավոր հրամանատար, ո՞ւր մնաց Զանգեզուրը, Գյոկչա մահալը, Բասարգեչարը»)։
Բացառված չէ, որ բանակցությունների մի փուլում Ալիեւն ինքը նման ներադրբեջանական «բանավեճ» սադրի եւ «հիմնավորի», որ Հայաստանի հետ խորհրդային քարտեզներով սահմանազատման չի կարող գնալ, որովհետեւ դա «հակասում է «Ադրբեջանի պետական անկախության վերականգման մասին» սահմանադրական Ակտին, ուրեմն եւ՝ սահմանադրությանը»։ Դա կախված կլինի միջազգային քաղաքական զարգացումներից։ Բայց, կարծես, իրողություն է, որ Ալիեւը չի ուզում բանակցությունների սեղանին տեսնել քարտեզ, որտեղ ԼՂԻՄ-ը վարչականորեն առանձնացված է Ադր․ ԽՍՀ ամբողջական տարածքից։
Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Ալիեւը դա համարում է «խաղաղության պայմանագրի» երկու «հոդվածները համաձայնացնելու հնարավորություն»։ Բայց դրանով լուծվո՞ւմ է Արցախի բնակչության «ադրբեջանահպատակության» հարցը։ Ալիեւի գերխնդիրը դա է։ Իսկ միջազգային իրավունքի առումով Հայաստանը պարտավորվա՞ծ է արցախահայերիս ճանաչել Ադրբեջանի քաղաքացի։ Կամ Հայաստանի այդ «որոշումը» ԼՂ հայ բնակչության համար իրավական ուժ ունի՞։
Անպատասխան հարցե՞ր են։ Ո՛չ։ Բայց ո՞վ է դրանք բարձրացնում։ Ոչ ոք։ Ստեփանակերտում խոսում են իշխանության կողմից «կարմիր գծեր» հատելու մասին։ Ասում են՝ «իրականացվում է Արցախը հանձնելու փաշինյանական ծրագիրը», եւ բերում են Հակարիի անցակետից օգտվելու օրինակը։
Մերժել կամ վիճարկել այդ մտահոգությունը ճիշտ չէ։ Բայց Ստեփանակերտը պետք է իրավաքաղաքական հիմնավորումներ բերի, փաստարկի, բարձրաձայնի, որ «ադրբեջանահպատակության» մերժումը ոչ թե քմահաճույք կամ հավակնություն է, այլ բխում է միջազգային իրավունքից։ Մենք ոչ թե էթնիկ փոքրամասնություն ենք, այլ ինքնորոշման իրավունքի սուբյեկտ։ Մենք ԽՍՀՄ-ում իրավական կարգավիճակ ենք ունեցել՝ «ինքնավարության ժողովուրդ», ինչպես սահմանված է ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին 1990-ի ապրիլի 3-ի միութենական օրենքով։
Ի վերջո, Ադրբեջանը ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը եւ Արձանագրությունը ստորագրել է՝ դե-յուրե իր կազմում ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Եվ եթե ԽՍՀՄ կազմավորման տարում՝ 1922-ին, ԼՂԻՄ-ը դեռեւս կազմավորված չէր, ապա դրանից ոչինչ չի փոխվում։ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը 1991 թվականի նոյեմբերի 25-ին լուծարել է ԼՂԻՄ-ը, բայց ուժը կորցրած եւ առ ոչինչ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը «որպես նրա բաղկացուցիչ մաս» Ադրբեջանի «կազմում թողնելու» մասին ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի որոշումը։ Իսկ այն Լեռնային Ղարաբաղին շնորհում է «մարզային լայն ինքնավարություն՝ Շուշի կենտրոնով»։
Դա «Ղարաբաղի հայկական մասի» քաղաքակրթական ինքնության եւ ինքնորոշման իրավունքի մասին որոշում է։ Ինչպես կիրացվի այդ իրավունքը, ինչ սահմաններում՝ Բաքու-Ստեփանակերտ առարկայական բանակցությունների թեմա է։ Ներգրավված բոլոր կողմերի հետ դիվանագիտական աշխատանքի նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ ԼՂ ինքնորոշման իրավունքը, որ պատերազմով փորձել է բռնաճնշել Ադրբեջանը, վերահաստատվի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։