«Ալիք Մեդիա» կայքում հրապարակվել է Բենիամին Հովակիմյանի «Ապագայի գործակալներ» վերնագրով հոդվածը։
Թեման կանխատեսման ունակությունը, կարողությունն է։ Հետաքրքիր են բերված օրինակները բուսական ու կենդանական աշխարհից մինչեւ սովորական մարդ-մահկանացու եւ մինչեւ… Գյոթե։
Սկզբից էլ դժվար չէ ենթադրել, որ կանխատեսման այդ ունակության «բուրգի» գագաթին խոսքը պիտի հանգեր քաղաքական կանխատեսմանը, քանի որ եթե մնացած բոլոր դեպքերում կանխատեսման հիմքում բնազդն է, դիտարկումները, աշխատանքը եւ դրանց ամփոփումը, ապա քաղաքականության համար դա ՀԻՄՔ է. «Քաղաքականությունը կանխատեսման արվեստ է» հանրահայտ միտքը լավագույնս է արտահայտում այդ իրողությունը։ Ուստիեւ դժվար չէր ենթադրել նաեւ, որ ասելիքի բարձրակետը պիտի լինի կանխատեսման այդ արվեստի դրսեւորումներն այսօրվա կյանքում՝ նկատի ունենալով մեր պատմության վերջին տասնամյակները։
Իսկ այդ բարձրակետը հետեւյալն է.
«Համարձակվում եմ ենթադրել, որ մեր անհաջողությունների պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր քաղաքական առաջնորդները չգիտեին, թե որ «նավահանգստում էին ուզում կառանել մեր նավը»։ Իսկ չգիտեին, քանի որ չէին տեսնում հայտնվող ապագան (ընդգծումն իմն է – Ա.Ս.)։ Նրանք առաջնորդվում էին իրենց անցյալի փորձով, համակրանքներով եւ հակակրանքներով։ Սակայն քաղաքականությունը իրականանալի ապագա առաջնորդելու արվեստն է։ Ես չգիտեմ, թե նրանցից որեւէ մեկը երբեւէ փորձել է տեսնել այն ապագան, որ պահված է հենց մեզ համար։ Եթե չեն էլ փորձել, ուրեմն նրանք մեզ առաջնորդում էին մի տեղ, որ իրենք էլ չէին տեսնում»։
Կանխատեսման արվեստին չտիրապետելու դեպքում, իրոք, կորցնում ես, ստանում պարտություն ու աղետ, եւ այս դեպքում Բենիամին Հովակիմյանը, բնականաբար, իրավացի է։ Հեղինակի այս գնահատականին շատ նման, հետահայաց նույնպիսի մի խոսք ունի Առաջին հանրապետության վարչապետ Հովհանննես Քաջազնունին 1918-1920 թվականների մասին.
«Եթէ ճիշտ է, որ կառավարել ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հենց այդ նախատեսնելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ: Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մէջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսնել: Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել» (Հ. Քաջազնունի, Հ.Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս, Երեւան, 1994, էջ 42)։
Երրորդ հանրապետության դեպքում, նկատի ունենալով 1990-1998 թվականների Առաջին նախագահի ու նրա առաջնորդած ուժի՝ Հայոց համազգային շարժման իշխանության շրջանը, հեղինակի նման գնահատականը ոչ թե արդարացի չէ, այլ պարզապես չի համապատասխանում իրականությանը։
Մեր նորագույն պատմության՝ անկախության շրջանում, թե «որ նավահանգիստը պետք է տանել մեր նավը», կախված էր օրակարգային հիմնական խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության լուծումից։
Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 1990-ի սեպտեմբերի 3-ի Հայաստանի Գերագույն խորհրդի փակ նիստում, ապա նաեւ հրապարակային խոսքում հստակ ներկայացրել է այդ ուղղությունը եւ նույնը բազմիցս կրկնել իր պաշտոնավարման ողջ շրջանում։ Անգամ այս ամենը մի կողմ դրած՝ նրա «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը (1997, նոյեմբերի 1) եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթը (1998, հունվարի 8-ին) ամբողջությամբ հենց «ճանապարհի», «նավահանգստի» եւ «ապագայի» խնդիրներին են վերաբերում։ Դրանցում արված կանխատեսումները այլ ճանապարհ ընտրելու՝ Արցախյան հակամարտության լուծումից խույս տալու դեպքում իրականացվել են մեկ առ մեկ։
Կարելի է տասնյակներով վկայակոչումներ անել այդ հոդվածներից։ Սակայն այս դեպքում դրա կարիքն անգամ չենք տեսնում, քանի որ այդ բանը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո արել են տասնյակ չեզոք վերլուծաբաններ, լրագրողներ, նաեւ ժամանակին հակառակը պնդող նրա ընդդիմախոսներ։
Ավելի քան վստահ ենք, որ Բենիամին Հովակիմյանը ծանոթ է այս ամենին։
Պատմությունը, պատմական իրականությունը կեղծելը նաեւ դրա անտեսումն ու ուրացումն է։ Եվ եթե դա վտանգավոր է եւ խիստ վնասակար անգամ պատմության հին ու հնագույն շրջանների դեպքում, ապա վտանգավորության եւ վնասակարության այդ չափը տասնապատկվում, հարյուրապատկվում է ու ժամանակով մեզ մոտ՝ նոր եւ նորագույն պատմության դեպքում։ Ցավոք, այս բանը նկատի չունենալով, այսօրեական քաղաքական շահերի համար այդպես վարվում են քաղաքական դեմքեր եւ ուժեր՝ պատճառ դառնալով կորուստների, անգամ աղետների։
Վստահ ենք նաեւ, որ խնդրո առարկա հոդվածի հեղինակը նույն կերպ է մտածում եւ քաղաքական կամ անձնական նման նպատակներ չունի։
Եվ վստահության ու իրողությունների այս ֆոնին մնում է միայն խոր տարակուսանքը եւ ափսոսանքը, որ առաջացնում է այն գնահատականը, որ նա տալիս է մեր անկախության ողջ շրջանին՝ չտարբերակելով դրանում «դուրս ցցված» այն ակնառուն ու ակնհայտը, որ ոչ միայն տեսանելի է անգամ անզեն աչքով, այլ նաեւ բոլորի համար շոշափելի՝ վրա հասած ու դեռ չավարտված աղետների տեսքով։