ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հունիսի 12–ին Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է ժամանակացույցին առնչվող խնդիրների պատճառով։ Մեթյու Միլերը նշել է, որ պետքարտուղարությունում անհամբերությամբ սպասում են ժամանակացույցի խնդիրը հաղթահարելուն պես հանդիպումն անցկացվի:
ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հավելել է՝ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն վարել։ Վաշինգտոնում նախկինի պես համոզված են, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է։ «Կարծում ենք՝ համաձայնագրի ստորագրումը տեսանելի է»,– ընդգծել է Միլերը։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պետք է հանդիպեին Վաշինգտոնում հունիսի 12-ին, սակայն հանդիպումից չորս օր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ հանդիպումը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով։