Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցելու հրապարակային լսումներին: Բաց քննարկումը տեղի կունենա 2021-ի փետրվարի 1-ին ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» առաջին միջպետական գանգատի շրջանակում: Կիրակոսյանը հավելել է, որ գրավոր ընթացակարգն ավարտվել է, սպասում է դատարանի կողմից հրապարակային լսումների անցկացմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված առաջին միջպետական գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի թույլ տված կոնվենցիոն խախտումներին:
Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է անձանց կյանքի, խոշտանգումներից եւ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական եւ ընտանեկան կյանքի, կրթության եւ մի շարք այլ իրավունքները: Գանգատում բարձրացված են նաեւ գերիների, Արցախի տեղահանված բնակչության, զոհերի եւ վիրավորների, տեղական եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցեր։