Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտադիտարկման հանձնաժողովի` Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերը (Միացյալ Թագավորություն) եւ Լիզը Քրիստոֆերսենը (Նորվեգիա) հունիսի 3-7-ը Բաքու կատարած այցի վերաբերյալ հայտարարություն են տարածել:
Ըստ այդմ՝ Ադրբեջանում համազեկուցողները հանդիպումներ են անցկացրել հանրապետության արտաքին եւ ներքին գործերի, արդարադատության նախարարների, Գերագույն դատարանի նախագահի տեղակալի, գլխավոր դատախազի եւ Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների ղեկավարների եւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության հետ:
Եվրոպացի քաղաքական գործիչներին մտահոգել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու իրադրությունը շփման գծում: «Ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ձեռք բերած վերջին առաջընթացը խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցում եւ երկու կառավարություններին հորդորում ակտիվացնել երկկողմ բանակցություններն այս առումով: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, վերահաստատում ենք ազատ տեղաշարժի ապահովման վերաբերյալ մեր կոչը»,- նշել են համազեկուցողները: Նրանք կարեւորել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022-ի դեկտեմբերի 21-ի եւ Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 23-ի վճիռների անվերապահ իրականացումը: