Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության սահմանադրական դատարանի վճռով այսուհետեւ այստեղ կարգելվեն Ղուրանի դասընթացները, քանի որ դրանք հակասում են աշխարհիկության (լայիցիզմ) սկզբունքին:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու երկրի մոլեռանդ մահմեդական հասարակությունը կոշտ քննադատության են ենթարկել Հյուսիսային Կիպրոսի ՍԴ-ի որոշումը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը ՍԴ-ի «սխալ որոշումը» Կիպրոսի թուրքերի «գոյությանն ու միասնության սպառնացող վտանգավոր խաղ» է որակել:
Twitter-ի իր էջում Ալթունը շեշտել է, որ որոշումը գաղափարական եւ դոգմատիկ մտքի արգասիք է: Նրա համոզմամբ՝ որոշման ժամանակը դիտավորյալ է ընտրված եւ ամենեւին էլ պատահական համընկնում չէ, ավելին՝ լուրջ կասկածներ է հարուցում Թուրքիայի կառավարական շրջանակներում: