Անվիճելի ճշմարտություն է՝ եթե առաջ ես քաշում քո հնարավորություններին անհամապատասխան ծրագրեր ու լծվում դրանց իրականացմանը, տապալումն անխուսափելի է։ Սա է, որ քսան եւ ավելի տարիներ հասկանալ չեն ցանկացել մեր երկրի քաղաքական ուժերի ու հրապարակային գործիչների մեծ մասն ու մեր իշխանավորները։ Չեն հասկացել այն աղետը, որը որպես իրենց գործունեության հետեւանք կարող է գալ։ Եվ եկավ այն՝ 2020-ի նոյեմբերի ջախջախիչ պարտության տեսքով։
Այնպես չէ, թե ժամանակին նախազգուշացնող խոսք չի հնչել։ Հնչել է ու շատ բարձրաձայն։ Ժամանակի բոլոր պատասխանատուներին հանգամանալից բացատրվել է, որ հնարավորությունների ու ծրագրերի համադրումից հրաժարվելը ծանրագույն վտանգներով հղի արկածախնդրություն է։ Հիշենք, թեկուզ, 1998-ի հունվարի 8-ին անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը։
Իր այս ելույթում, ինչպես նաեւ դրանից երկու ամիս առաջ՝ 1997-ի նոյեմբերին գրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում նա մանրակրկիտ հիմնավորում էր, թե ինչու է պետք օր առաջ գնալ հաշտության, հակադարձում էր խնդիրը ձգելու ճանապարհն ընտրածների փաստարկներին ու կրկնում․ «Փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետեւաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը»։
Այդ օրերի գործիչները՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու նրանց թիմակիցները, անդրդվելի էին։ «Փոխզիջում» բառը լսել չէին ցանկանում։ Խոստանում էին, որ խնդրի լուծման իրենց ցանկալի տարբերակը թելադրելու ու պարտադրելու են թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային հանրությանը։ Ոգեւորված էին նրանք 1990-ականների հաջողություններից։ Իրենց ամենազոր էին կարծում։ Եթե սրան էլ գումարենք իշխանություն ձեռք գցելու մարմաջը, ամեն ինչ շատ ավելի պարզ կդառնա։
Նրանցից 20 տարի անց իշխանության եկած Փաշինյանն ուներ աղետաբեր ընթացքը բեկելու կարողությունը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարեց։ Գնաց հների ճանապարհով։ Նրան նույնպես մեր հնարավորությունները չէին հուզում։ Նա էլ էր հայտարարում, թե ոչինչ չի զիջելու, թե գրավել ենք ու գրավելու ենք։ Գիտեր, ինչպես իր նախորդները, այս կարգի ելույթները հասարակական լայն աջակցություն են ապահովում եւ իշխանություն են ամրապնդում։ Իսկ ամուր իշխանությունն անհրաժեշտություն է, դրա համեմատ երկրին սպառնացող վտանգները՝ երկրորդական։
Եթե Քոչարյանին, Փաշինյանին կամ ծայրահեղական ու անզիջում դիրքերից հանդես եկող հին ու նոր գործիչներից կամայական մեկին առաջարկվի մագլցել ժայռն ի վեր, նա, անկասկած, համադրելով ժայռն ի վեր մագլցելու առաջարկը եւ այդ բնագավառում իր ունեցած հմտությունների պակասը, կհրաժարվի։ Կհրաժարվի եւ ճիշտ կանի։ Կհրաժարվի, որովհետեւ հասկանում է վտանգն ու իրեն վտանգել չի ցանկանում։ Իսկ երբ գործը երկրին է հասնում, ցանկացած ռիսկի, պարզվում է, պատրաստ են։ Երկրի դեպքում, պարզվում է, կարելի է լինել անհաշվենկատ, կարելի է լինել ծայրահեղական, կարելի է լինել անիրատես։
Ցավն այն է, որ 2020-ի նոյեմբերին գրանցած մեր մեծ տապալումն անգամ առիթ չի դառնում, որ անզիջում դիրքերից հանդես եկող գործիչները վերանայեն իրենց մոտեցումները, որ խոսեն իրենց սխալներից։ Հին ճանապարհն են շարունակում։ Չեն մտահոգվում, որ նույն ճանապարհը նույն հանգրվան է տանելու։ Հաշվի չեն առնում այսօր, այս պահին մեր երկրի ունեցած հնարավորությունները։ Հաշտության չգնալու, զինվելու ու կռվելու մասին են խոսում։ Չեն խորանում, թե ինչի կարող է հանգեցնել մեզ այդ կռիվը։
Հնարավորություններն, իհարկե, դոգմատիկ երեւույթ չեն։ Դրանք կարող են փոփոխվել։ Ավելին՝ դրանք անընդհատ փոփոխվում են։ Այնպես չէ, թե այն, ինչն անիրատեսական է այսօր, վաղն իրատեսական դառնալ չի կարող։ Դրա համար, բայց, անհրաժեշտ են պայմաններ եւ ժամանակ։ Մենք ապրում ենք այսօր, ժամանակի այս հատվածում ու պետք է հասկանանք՝ այսօրվա մեր խնդիրը կարող ենք լուծել միայն այսօր ունեցած հնարավորություններով։ Այլ կերպ չի ստացվելու։
Մեզ խաղաղություն է պետք ու ժամանակ, որ ստացած ծանր հարվածից ուշքի գանք, որ ոտքի կանգնենք ու ամրապնդվենք, որ նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքով ընդլայնենք մեր հնարավորությունների սահմանները եւ պատրաստ լինենք վաղվա մարտահրավերներին։ Արկածախնդրությունը մեզ արդեն տապալել է։ Նույն ճանապարհով գնալու իրավունք չունենք։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։