«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հայտնել է, որ ադրբեջանցիները շարունակում են Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային վանդալիզմ իրականացնել՝ հետեւողականորեն ջնջելով հայկական հետքը։ Կայքի հրապարակած արբանյակային լուսանկարներում երեւում է, որ ադրբեջանցիներն այս անգամ էլ ավերել են Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արեւմուտք՝ Իշխանագետի վրա 1835 թվականին կառուցված Հադրութի շրջանի Հալիվորի կամուրջը։
«Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձեւ թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Կամուրջն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն եւ 9 մետր բարձրություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում ավերվել ու պղծվել են բազմաթիվ եկեղեցիներ, դրանց թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եւ Կանաչ ժամ եկեղեցիները: Իսկ Հադրութի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնահատակ ավերվել է։