Հունիսի 14-ին Ազգային ժողովում թեժ էր. քննարկվում էր ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուի հարցը։ Ըստ գործող օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի՝ հանձնաժողովի անդամների պաշտոններում «…թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը»:
Հերթը ընդդիմադիր խմբակցություններինն է, եւ նրանք առաջադրել էին Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։ Վերջինս նախկինում աշխատել է հիշյալ հանձնաժողովում։ Թվում է՝ պարզ հարց է, թեկնածուն համապատասխանում է օրենքով նախատեսված բոլոր պահանջներին, իսկ տեղն էլ ընդդիմությանն է, մնում է ընտրել։
Սակայն սա պարզ է օրենքով առաջնորդվող մարդկանց համար, բայց ոչ երբեք իշխող ՔՊ խմբակցության անդամների, որոնք առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ միայն ու միայն իրենց կուսակցական շահերով ու ամբիցիաներով։
Եվ ահա, թեկնածուին ներկայացնելուց հետո սկսվեց ոչ թե մասնագիտական քննարկում, այլ ճղճիմ հարցերի ու ելույթների մի ամբողջ շարք՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ այս խորհրդարանում իշխող խմբակցության մակարդակը իջել եւ հասել է շրիշակին, դեռ մի բան էլ ցած։
Անգամ ԱԺ կայքում տեղադրված պաշտոնական լրատվության մեջ է նշված, թե՝ «Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում անդրադարձել են թեկնածուի նախկինում կատարած նպատակային ոչ պատշաճ արտահայտություններին ու սոցիալական ցանցերում արված գրառումներին»: Ավելացնենք՝ հընթացս վիրավորելով նաեւ ընդդիմադիր պատգամավորներին։
Երեւի այդ ելույթների ոգով էլ ՔՊ-ականները կմերժեն հանձնաժողովի անդամի թեկնածուին, որովհետեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ուզում եմ հասկանալ ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ եւ դա չեք թաքցնում… Ակնհայտ է, որ ո՛չ ես, ո՛չ մեր գործընկերները ձեր ելույթից հետո ձեզ համար չենք քվեարկելու։ Եթեր գալու իմաստը ո՞րն էր»։
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի բարձր աթոռը զբաղեցնող անձը մինչեւ հիմա չի հասկացել, որ ինքը պետք է առաջնորդվի օրենքով, այլ ոչ թե սեփական համակրանքներով ու հակակրանքներով։ Իսկ օրենքը «իշխող խմբակցության նկատմամբ բացասական վերաբերմունքը» չի դիտարկում իբրեւ հանձնաժողովի անդամի պաշտոնի թեկնածուին ներկայացվող պահանջ։
Հատուկ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ ամբողջ խմբակցության համար երկու մեջբերում օրենքից (ընթերցողից ներողություն եմ խնդրում ընդարձակ մեջբերումների համար).
«Հոդված 28. Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջներ
3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող անձը, որն ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից)»:
Եվ երկրորդը՝ թե ով չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամ
«Հոդված 29. Հանձնաժողովի կազմավորման կարգը
3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը՝
1) չի համապատասխանում սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.
2) լրացել է նրա 65 տարին.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.
5) օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
6) ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող հիվանդություն»:
Դե հիմա, հարգելիներս, ցույց տվեք այստեղ մի դրույթ, ըստ որի՝ թեկնածությունը պիտի մերժվի «իշխող խմբակցության նկատմամբ բացասական վերաբերմունքի» կամ «սոցիալական ցանցերում կատարած գրառումների» հիմքով։
Ստացվում է, որ ՔՊ-ն թեկնածուին, որը համապատասխանում է օրենքին, մերժում է միայն ու միայն այն պատճառով, որ ներկայացրել է ընդդիմությունը, եւ նա, իբրեւ անձ, «բացասական վերաբերմունք ունի իշխող խմբակցության նկատմամբ»։ Այսինքն` խմբակցությունն առաջնորդվում է ոչ թե օրենքով, այլ կուսակցական ամբիցիաներով։
Եվ նաեւ նրանց ելույթների ու օրենքի եւ օրինականության նկատմամբ այսպիսի վերաբերմունքի պատճառով է, որ ասում ենք՝ այս խորհրդարանը քննարկումների մակարդակն իջեցրել է բամբասանքի աստիճանի։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։