Ըստ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանը հուլիսից կսկսի զեղչված գնով Պակիստանին հեղուկացված բնական գազ մատակարարել։ Հեղուկացված բնական գազի մատակարարումները կկատարվեն Պակիստանի պետական նավթային ընկերության (PSO) եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա։
Փաստաթուղթը հրապարակվել է Պակիստանի կառավարության ղեկավարի` հունիսի 14-15-ին Բաքու կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում։ Շարիֆը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել էներգետիկայի, առեւտրի, ներդրումների, քաղաքացիական ավիացիայի եւ այլ ոլորտներում համագործակցության շուրջ։ Շարիֆն ու Ալիեւը հայտարարել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ուղիղ չվերթերը դեպի Իսլամաբադ սկսելու եւ համատեղ զորավարժությունների քանակն ավելացնելու որոշման մասին։