Հայաստանում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համալրման հնարավորությունն այսուհետեւ կընդլայնվի՝ ըստ համապատասխան օրենքի հավանության արժանացած նախագծի: Ըստ այդմ, համակարգողի պաշտոնին ուսումնական հաստատությունից կարող է հավակնել միայն տնօրենը կամ փոխտնօրենը, սակայն հաշվապահը կամ մանկավարժական այլ աշխատող, ինչպես նաեւ ղեկավարման փորձ չունեցող անձը չի կարող դիմել: Միեւնույն ժամանակ նվազեցվել են աշխատանքային ստաժի ժամկետները՝ ինչն, ըստ նախագծի հեղինակների, հավակնորդների շրջանակը ընդլայնելու հնարավորություն կտրվի:
Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող եւ ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելով՝ կստեղծվի մասնագետների բազա: Ըստ նախագծի՝ անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նրանք նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը եւ հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը:
Ուսուցչի որակավորում շնորհող բուհի ավարտական կուրսի ուսանողին գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու հնարավորություն ընձեռելով կկրճատվի ուսուցչի թափուր տեղերի թիվը: Ուսուցիչների գործուղման կարգի լիազորող նորմում ավելացվել է «մարզերի» բառը՝ հստակություն մտցնելով ոչ միայն գործընթացի ֆինանսավորման համար, այլեւ կարգավորելով ուսուցչի բնակության վայրից կոնկրետ ՀՀ մարզեր գործուղվելու հարցը: Միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները կամավոր ատեստավորման անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում իրավունք կստանան շարունակելու մասնագիտական գործունեությունն ինչպես տվյալ հաստատությունում, այնպես էլ այլ հաստատություն դիմելիս: