Ըստ Արցախի կառավարության տեղեկագրի՝ Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի շրջափակման 187-րդ օրը Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1435 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից: Հունիսի 16-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 492 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ եւս 70-ը: Ընդ որում՝ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը ռեանիմոբիլ չունի եւ հիվանդներին տեղափոխում է սովորական մեքենաներով՝ նստած վիճակում։
Լաչինի միջանցքով երկկողմանի տեղաշարժը նվազել է 201 անգամ
Շրջափակման հետեւանքով տուն չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձ, ներառյալ 550 երեխա, որոնց մի մասն արդեն տուն է վերադարձել Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների աջակցությամբ: Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթեւեկել, եւ մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 201 անգամ: 187 օրվա ընթացքում 458150-ի փոխարեն գրանցվել է 2276 մարդկանց մուտք ու ելք։ Իսկ վերջին 3 օրում գրանցվել է քաղաքացիների 0 ելքի եւ մուտքի դեպք:
13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել
Արգելափակված ճանապարհով արցախցիների ոչ մի մեքենա չի անցել, մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 60 անգամ ավելի քիչ է եղել (187 օրվա ընթացքում 172040-ի փոխարեն՝ Կարմիր խաչի եւ ՌԴ խաղաղապահների 2889 մեքենայի մուտք եւ ելք): Դա նշանակում է, որ վերջին 3 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 14 մուտք եւ ելք: Կարմիր խաչը եւ ռուս խաղաղապահները շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք են ներկրել (187 օրվա ընթացքում մոտ 74800 տոննայի փոխարեն՝ 5677 տոննա, որից վերջին 3 օրվա ընթացքում՝ միայն 42 տոննա):
187 օրվա ընթացքում 121 օր ընդհատվել է գազամատակարարումը, 158 օր՝ խափանվել էլեկտրամատակարարումը
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 121 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 158 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների եւ բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման: 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է գործունեությունը, մյուս տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 355 միլիոն դոլարի վնաս
Շրջափակման եւ կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը եւ եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11 հազար մարդ (ներառյալ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), ինչը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 355 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս՝ ինչի պատճառով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշը (903 միլիոն դոլար) 39%-ով չի ապահովվել: