ՀՀ Կառավարության որոշմամբ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը կմիավորվի «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին։ Ըստ հիմնավորման՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» 2020-ի հունիսից ի վեր տարեկան 151 միլիոն 266 հազար 718 դրամ եկամուտ է ստացել, իսկ ծախսը եղել է 116 միլիոն 650 հազար 949 դրամ։
Ընկերությունն ունի 4 բյուջետային վարկ, որոնց ընդհանուր գումարը 2 միլիարդ դրամ է, եւ վարկերի մարումները սկսվում են 2023-ին։ Սակայն 2023-ին ընկերության կանխատեսվող ֆինանսական հոսքերի առկայությամբ վերջինս չի կարողանա պատշաճ ձեւով կատարել ստանձնած վարկային պարտավորությունները։
Ըստ Կառավարության՝ ընկերության միավորումը առողջապահության նախարարությանը պատկանող ուռուցքաբանության ազգային կենտրոնին հնարավորություն կընձեռի խուսափելու ֆինանսական խնդիրներից եւ ավելի արդյունավետ կազմակերպելու երկու բուժհաստատությունների աշխատանքները։