Ամերիկյան The National Interest ամսագիրը լայնածավալ հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ Բաքվում բացված «պուրակ-թանգարանի» մասին:
Հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիեւին համեմատել է Իրաքի՝ տխուր վախճան ունեցած նախկին նախագահ Սադամ Հուսեյնի, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:
Մայքլ Ռուբինը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայկական ռազմատեխնիկայով եւ հայ զինվորների մոմե նմուշներով հագեցած «պուրակ-թանգարանի» տարածքում զինվորական համազգեստով հպարտ զբոսնող Ալիեւը երբեք չի ծառայել բանակում, անգամ երբ նրա հասակակիցները կռվում էին ղարաբաղյան առաջին պատերազմում:
«Բաքվի պուրակի կենտրոնական տարրը սպանված եւ գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված կամարն է: Այն փաստը, որ Ադրբեջանը մինչ օրս ապօրինաբար պահում է ռազմագերիների եւ առեւանգված քաղաքացիական անձանց, որոնցից ոմանց նա ընդունակ էր սպանել գերության մեջ, ընդգծում է ցուցադրության անհամությունը»,- գրում է հոդվածագիրը:
Լրագրողը հիշեցնում է իրանա-իրաքյան պատերազմում Սադամ Հուսեյնի հաղթանակը խորհրդանշող Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի կառուցման պատմությունը:
Հաղթակամարը զոհված իրանցի զինվորների սաղավարտներից եւ զենքից ձուլված պողպատից էր: Ռուբինը նշում է, որ Հուսեյնի տխրահռչակ ելույթի եւ Ալիեւի ելույթի տարբերությունն աննշան է:
«Իրաքցիները կանցնեն իրենց սրերով պաշտպանված ծածանվող դրոշի ներքո, սրեր, որոնցով թռցրել են ագրեսորների գլուխները: Ռազմավարի զբոսայգի այցելող ամեն ոք կտեսնի մեր բանակի ուժը, մեր կամքի ուժը, եւ թե որքան դժվար է տրվել մեզ հաղթանակը»,- Հուսեյնի խոսքերը հիշեցրել է The National Interest-ի հոդվածագիրը: