Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը հայտարարել է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների սառեցումը չի ազդի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման եւ նախագծի ավարտի վրա: Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները սրվել են ադրբեջանական սահմանների մոտ Իրանի լայնածավալ զորավարժություններից հետո: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրել են ագրեսիվ հռետորաբանության համար։ Նախարարը նշել է, որ նախօրեին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ հանձնաժողովի ղեկավար Մուստաֆաեւին: «Համաձայնեցինք, որ այս նախագծի շուրջ երկու կողմերի միջեւ ծագած քաղաքական թյուրիմացությունները որեւէ ազդեցություն չեն ունենա դրա իրագործման վրա»,- ասել է նախարարը:
«Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչեւ Հնդկաստան Մումբայ նավահանգիստ: Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղի գոյություն ունի` տրանսկասպյան (երկաթուղիների եւ նավահանգիստների օգտագործմամբ), արեւմտյան եւ արեւելյան (ցամաքային)։ 2023-ի մայիսին Ռուսաստանն ու Իրանը փաստաթղթեր են ստորագրել «Հյուսիս-հարավ»-ի արեւմտյան երթուղու՝ Իրանում Ռաշտ-Աստարա երկաթուղու վերջին անհրաժեշտ հատվածի կառուցման վերաբերյալ։
Բաքուն Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր չի տրամադրի
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվում ԻԻՀ դեսպանատնից հայտնել են, որ Ադրբեջանը հունիսի 23-ից դադարեցնում է Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումն իր միջազգային օդանավակայաններում: Իրանի դիվանագիտական գերատեսչությունը հորդորել է Ադրբեջան այցելելու մտադրություն ունեցող իր քաղաքացիներին նախապես վիզա ստանալ առցանց եղանակով` ASAN համակարգի միջոցով կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից:
Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են 2020-ից։