Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենի` Չինաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ճիշտ ուղու վրա են: Սպիտակ տան ղեկավարը նաեւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել: Չինաստանը եւ Միացյալ Նահանգները հունիսի 19-ին համաձայնել են կարգավորել իրենց թեժ մրցակցությունն այնպես, որ դա չվերածվի հակամարտության:
Նախօրեին Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման եւ առաջընթացի մասին է հայտարարել նաեւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Առայժմ չի հաջողվել բեկում մտցնել. Բլինքեն
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվել բեկում մտցնել Չինաստանի հետ անմիջական ռազմական կապերի վերականգնման հարցում, սակայն Վաշինգտոնը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։ Պետքարտուղարը Պեկինում բարձրացրել է զինվորականների միջեւ ուղիղ կապուղիների վերականգնման հարցը, սակայն Չինաստանը դեռ չի համաձայնել դրան: Բլինքենը նշել է, որ նման ուղիների առկայությունը կենսական նշանակություն ունի, եւ դա ընդգծվում է օդային տարածքում եւ ծովում տեղի ունեցած վերջին միջադեպերով: