Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ադրբեջանական զրահամեքենաներն իրենց ապօրինի անցակետի մոտ փակել են Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: Բեգլարյանն իր գրառումը հաստատող կից լուսանկարներ է զետեղել:
«Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա: Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, եւ բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը»,-իր գրառման մեջ նշել է Բեգլարյանը:
Նա հավելել է, որ 191 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից, մնացած բոլոր դերակատարներից, ինչպես նաեւ սփյուռքից ակնկալում են ամենահրատապ ու գործնական քայլերը: