Ըստ Bloomberg գործակալության՝ Նեպալում գտնվող Լեռների համալիր զարգացման միջազգային կենտրոնի հետազոտության տվյալներով Հիմալայների Հինդուկուշ լեռնային համակարգում հալվող սառցադաշտերը վտանգ են ներկայացնում մերձակա ասիական երկրների մոտ 2 միլիարդ մարդու բնակության շրջանների համար: Սառցադաշտերի հալումը կարող է հանգեցնել հավերժական սառածության գոտու կրճատման, որը կմեծացնի սողանքների եւ հեղեղումների վտանգը: Կլիմայի փոփոխությունները հանգեցնելու են նաեւ ապագայում տարածաշրջանի 12 գետերում քաղցրահամ ջրի պաշարների, ինչպես նաեւ Աֆղանստանի եւ Մյանմայի միջեւ ընկած Հիմալայան գոտու կենսաբազմազանության կրճատման: Տարերային աղետները բացասաբար կանդրադառնան նաեւ պարենային անվտանգության եւ հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիայի ստացման հնարավորության վրա։
Հետազոտության հեղինակները պարզել են, որ 2011-2020 թվականներին Հիմալայներում սառցադաշտերը նախորդ տասնամյակի համեմատությամբ հալվել են 65%-ով ավելի ակտիվ, քան ենթադրվում էր: Գիտնականներն այդ գործընթացը կապում են մարդածին աղբյուրներից մթնոլորտ վնասակար արտանետումների հետ: Նրանց գնահատականներով՝ ընթացիկ միտումների պահպանման դեպքում Հիմալայների սառցադաշտերն այս հարյուրամյակի վերջին կկորցնեն իրենց ծավալի մինչեւ 80%-ը:
Կենտրոնի ղեկավարի տեղակալ Իզաբելլա Կոզիելը նշել է, որ դեռեւս կա ժամանակ՝ այս չափազանց կարեւոր տարածաշրջանը փրկելու, բայց միայն այն դեպքում, եթե մթնոլորտ արտանետումների արագ եւ խոր կրճատումը սկսվի հենց այս պահից: Ձյան, սառցադաշտերի եւ հավերժական սառածության հալումը կնշանակի, որ տարերային աղետներն, ըստ կանխատեսումների, ավելի հաճախ տեղի կունենան, ավելի մահաբեր կլինեն եւ ավելի շատ վնաս կհասցնեն։