2023 թվականից մեկնարկել է «Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման աջակցության ծրագիրը», որը տեւելու է երեք տարի։ Կառավարությունն այս ծրագիրը պայմանավորել է հողերի մասնատվածության մակարդակի կրճատման, արտադրողականության բարձրացման, բերրիության պահպանման եւ բարձրացման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ։
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման մակարդակը կնվազի շուրջ 4500 հեկտարով, մասնատվածությունը՝ 0.84 տոկոսով, ոռոգվող հողատարածքները կավելանան 2500 հեկտարով, առնվազն 11 տոկոսով կկրճատվեն գյուղատնտեսական տեխնիկայի եւ աշխատուժի ծախսերը։ Այդպիսով կբարձրանան բերքատվությունն ու եկամտաբերությունը, կավելանան ներդրումները եւ աշխատատեղերը։ Այս երեք տարիներին Կառավարությունը հողերի խոշորացման ծրագրի իրագործման համար կծախսի շուրջ 6 մլրդ դրամ։
Հողերը, հիշեցնենք, մասնավորեցվել էին Հայաստանի անկախության առաջին տարիներին, եւ այդ բարեփոխման հեղինակը համարվում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Իսկ ավելի ուշ՝ 2010 թվականին, նա մշակել էր 100 քայլից բաղկացած ծրագիր, որը ներկայացվել էր որպես Հայ ազգային կոնգրեսի՝ «սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման նախագիծ»։ Բագրատյանն այդ ծրագրում անդրադարձել էր դեռեւս այն ժամանակ սկսված՝ հողերի խոշորացման վերաբերյալ քննարկումներին եւ կարծում էր, որ դա կնշանակի հողը հանձնել խոշոր օլիգարխներին, բյուրոկրատներին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներին եւ նրանց թիկնապահներին։
«Մեծ հաշվով՝ իշխանության ներկայացուցիչներն են այդ հողատերերը, նրանց գործունեությունն օրեցօր սնանկացնում ու տնտեսապես անիմաստ է դարձնում գյուղացիական տնտեսությունների գոյությունը։ Վերջինները զանգվածաբար լքում են իրենց հողակտորները, հնարավորության դեպքում վաճառում դրանք, դառնում բատրակներ, գալիս են քաղաքներ կամ էլ արտագաղթում»,- նշված է «100 քայլում»։
Այդ ծրագրում գյուղացիական տնտեսությունների գործունեությունը եւ գյուղատնտեսությունն ընդհանրապես ավելի արդյունավետ դարձնելու համար մի շարք լուծումներ էին առաջարկվել՝ 5-10 մեծածախ շուկաների ստեղծում, ոռոգման համակարգի բարեփոխում, էլիտար, էկոլոգիապես մաքուր մթերք արտադրող գյուղացիական
տնտեսությունների գործունեության պետական աջակցություն, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում եւ այլն։
Այլ մասնագետներ դեմ չեն, որ Հայաստանում հողերը խոշորացվեն, բայց կարծում են, որ այն տարբերակը, որ իշխանություններն են փորձում ներդնել, արդյունավետ չի լինի։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ մեր երկրում խաղողի այգիների զգալի մասը չի հատում կես հեկտարի սահմանը։ Իսկ կես հեկտարի վրա հնարավոր չէ որակյալ խաղողագործություն եւ գինեգործություն կազմակերպել։ Աշխարհում ընդունված միջին չափը 9-10 հեկտարն է։
«Պետք է խոշորացնել հողերը, բայց չընկնել այնպիսի խոշորացման հետեւից, որ դա բերի ճորտատիրական կարգերի հաստատմանը։ Պետք է սահմանափակ խոշորացում նախաձեռնել։ Հայաստանը չպետք է գնա հողերի խոշորացման ճանապարհով, որովհետեւ շատ հողեր չունի։ Հայաստանը պետք է լինի օրիգինալ մշակաբույսերի երկիր՝ փոքր հողակտորներով, բայց շատ թանկ արտադրանքով։ Շատ թանկը չես կարող տասնյակ հեկտարների վրա դնել»,- ասում է Ավագ Հարությունյանը։
Սահմանափակ չափերով խոշորացնելուց զատ Կառավարությունը պետք է ուսումնասիրություն անի եւ ֆերմերներին, գյուղացիներին ուղղորդի, թե Հայաստանի որ շրջանում որ մշակաբույսը կամ որ պտուղը մշակելն է նպատակահարմար եւ արդյունավետ։ «Իսկ եթե պարզունակ ճանապարհով գնան, դա սոցիալական շատ մեծ շերտավորում կառաջացնի. մարդիկ կզրկվեն իրենց հողից հանուն այսօրվա ինչ-որ գայթակղիչ, բայց ոչ երկարատեւ ծրագրի ու մեծ հողատերերի մոտ կդառնան սովորական աշխատողներ։ Իսկ քանի որ մեզ մոտ մարդկային ոչ բոլոր հարաբերություններն են ըստ օրենքի շարժվում, կամ այդ օրենքը չի աշխատում այդ հարաբերություններում, կունենանք շատ խիստ շերտավորում»,- հավելում է գինեգործը։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նույնպես դեմ չէ հողերի խոշորացմանը, բայց ասում է՝ միացման եղանակով խոշորացնելու տարբերակը չի գործելու, որովհետեւ հողակտորների սեփականատերերը գործարքից կարճ ժամանակ անց խնդիրներ կունենան ու կբաժանվեն։ Դա պետք է լինի հողերի առքուվաճառքի տարբերակով, բայց առաջարկում է դրանից առաջ լուծել շատ կարեւոր խնդիրներ։ Օրինակ՝ ճշգրտել բոլոր հողերի սեփականության փաստաթղթերը։
Նրա կարծիքով՝ հատկապես գյուղացիական տնտեսությունները հետեւողական չեն եղել փաստաթղթավորման հարցում, շատ դեպքերում մարդիկ դրանք օգտագործել են ավանդույթի ուժով. հորից փոխանցվել է որդուն, հետո՝ նրա որդուն։ Եվ այդ ընթացքում ժառանգության կամ սեփականության փաստաթղթավորման հարցը չեն լուծել, մինչդեռ պապն ու հայրն արդեն մահացել են։ Խոշորացումը կհանգեցնի այս խնդրին, որը կա մեր բոլոր գյուղերում։ Իսկ շատ դեպքերում էլ, երբ հողի վաճառք է լինում, գործարքի ընթացքում է հայտնի դառնում, որ չեն համապատասխանում իրավական եւ փաստացի սահմանները։ Իսկ այդ բոլոր խնդիրների լուծումը անգամ մի հողակտորի դեպքում կարող է ամիսներ տեւել։
«Սրանք համատարած խնդիրներ են, որ պետք է լուծվեն խոշորացումից առաջ։ Հակառակ դեպքում խոշորացումը մեծ քաոսի կվերածվի։ Բայց արդյոք խոշորացումը կլուծի մեր գյուղատնտեսության արդյունավետության հարցը, արդյոք դա է ամենամեծ խնդիրը։ Եթե հողը եկամտաբեր լիներ, կմշակվեր։ Իսկ ցածր եկամտաբերության հիմնական պատճառներից մեկը ոռոգման համակարգի բացակայությունն է»,- ասում է Պետրոսյանը։
Երկրորդ լուրջ խնդիրն էլ իրացումն է կամ իրացման շուկաների դժվար հասանելիությունը։ Չի եղել մի տարի կամ բերքահավաքի սեզոնին մի ամիս, որ խաղող, լոլիկ, վարունգ եւ այլ մշակաբույս աճեցրած գյուղացիները չփակեն միջպետական մայրուղիները եւ իշխանություններից չպահանջեն լուծել մթերման հարցերը՝ ապահովել պայմանագրեր կամ այնպիսի գներ, որ իրենք էլ եկամուտ ստանան։ Բացի այդ՝ մեր գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, որտեղ Հայաստանի արտահանողներն անընդհատ տարբեր խնդիրների են բախվում՝ սկսած Վերին Լարսի անցակետից մինչեւ ռուսական «Ռոսսխոզնադզորի» տարատեսակ քմահաճույքները։
Պետրոսյանը հավելում է՝ հողերի խոշորացումն ունի նաեւ անվտանգային լուրջ խնդիր. հողերի մի զգալի մասը Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում է։ Ճիշտ է, դժվարությամբ, երբեմն կրակոցների տակ, բայց դրանք մշակվում են։ Իսկ եթե գյուղացիները վաճառեն իրենց հողերը խոշոր ֆերմերներին, կնվազի այնտեղ ապրելու մոտիվացիան։
Հիշեցնենք, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, անդրադառնալով հարցին, թե խոշորացման արդյունքում ինչ անեն հողից զրկված գյուղացիները, ասել էր՝ թող քաղաքում ապրեն։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։