Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պեկին այցից ընդամենը մեկ օր անց Չինաստանի նախագահ Սի Ծինփինին անվանել է «բռնակալ»: Բայդենն անդրադարձել է փետրվարին ԱՄՆ-ի կողմից Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկի խոցման միջադեպին: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Սի Ծինփինը շատ է վրդովվել, երբ «լրտեսական սարքավորումներով լի» օդապարիկը խոցվել է, քանի որ տեղյակ չի եղել, որ օդապարիկն այնտեղ է: «Դա լուրջ անհարմար դրություն է բռնակալների համար, երբ նրանք տեղյակ չեն՝ ինչ է կատարվել», — ասել է Բայդենը:
Չինաստանը բողոքի նոտա է հղել Բայդենի վերոնշյալ խոսքերի առնչությամբ: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը դրանք անվանել է սադրանք: «ԱՄՆ նախագահի խոսքերն անպատասխանատու են, հակասում են դիվանագիտական էթիկայի կանոններին եւ բացահայտ սադրանք են: Չինաստանը խստորեն բողոքում է»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ Չինաստանի՝ օդապարիկն օդերեւութաբանական ուսումնասիրություններ էր կատարում ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում: Վաշինգտոնի պնդմամբ՝ օդապարիկը հետախուզական տվյալներ հավաքելու Չինաստանի ծրագրի մի մասն էր: Միջադեպի պատճառով այդ ժամանակ հետաձգվել էր Էնթոնի Բլինքենի ծրագրված այցը Պեկին: