Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի Սոյուդլու գյուղի բնակիչները հունիսի 21-ին ցույց են կազմակերպել՝ բողոքելով Գետաբեկի շրջանի ոսկու հանքավայրից քիմիական թափոնները հեռացնելու համար բնակավայրում նախատեսված եւս մեկ արհեստական լճի կառուցման դեմ: Գյուղացիների եւ ոստիկանության միջեւ բախումներ են եղել:
Իրավապահները հիմնականում տարեց ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով դաժանորեն ծեծել նրանց: Լրատվամիջոցները նշել են մեկ տասնյակից ավելի տուժածների եւ ձերբակալվածների մասին: Երկրի ներքին գործերի նախարարությունը միջադեպից հետո հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ոստիկանների գործողությունների գործով ծառայողական քննություն է սկսվել: Բողոքի ակցիան շարունակվում է: