44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հունիսի 20-ի հայտարարություններին անդրադարձել են ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների ներկայացուցիչները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արտահայտած մտքերին, նշել է, որ «գուցե հասկանալով՝ թե ուր է հասցրել Արցախը եւ Հայաստանը, Փաշինյանը փորձում է բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա»:
Ըստ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի՝ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթն ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու համար մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում: «Հայրենավաճառության համար մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»,- նշված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր հերթին նշել է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «բեմադրած շոուն վերահաստատեց իր այն պնդումը, որ Փաշինյանն այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին»։ Զուրաբյանի խորին համոզմամբ՝ քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ «Խոսքը ե՛ւ պատերազմական ջանքերի, ե՛ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՛ւ հետախուզության, ե՛ւ մոբիլիզացիայի, ե՛ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը՝ խոստանալով այդ ամենին հանգամանալից անդրադառնալ առանձին հոդվածով: