Հետպատերազմական իրավիճակը Հայաստանում նոր փուլ է մտել. ինչպես www.armtimes.com-ը հայտնել է, Ադրբեջանը գերեվարված հայ զինվորի է սպանել: Սպանվածը Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչ Էրիկ Մխիթարյանն է, որ ընդամենը երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը. նա էլ հազարավոր նորակոչիկների պես մասնակցել է պատերազմական գործողություններին:
Էրիկի հետ կապը, ինչպես մեզ հայտնեցին Կաթնաջուր համայնքից, կտրվել է հոկտեմբերի 8-ից, մոտ մեկ ամիս նա անհայտ կորած էր համարվում, նոյեմբերին արդեն ադրբեջանական մի տեսանյութում հարազատները ճանաչել են Էրիկին (նրան ստիպելով ադրբեջաներենով ինչ-որ նախադասություն էին կրկնել տալիս):
Հայ փաստաբանների պահանջով դեկտեմբերի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս մեկ հրատապ միջոց էր կիրառել գերեվարված եւ ձերբակալված եւս 23 անձի նկատմամբ, որոնց մեջ էր նաեւ Էրիկ Մխիթարյանը: Հարազատները սպասում էին Էրիկ Մխիթարյանի վերադարձին, սակայն նրանց է հանձնվել որդու դին, որ գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում:
«Ցնցված ենք, ամբողջ գյուղը շոկի մեջ է,- մեզ հետ զրույցում ասաց Կաթնաջուրի համայնքապետ Արմեն Պապոյանը, բայց հետագա իրավական քայլերը, որ պետք է արվեն սպանված գերու հարցը միջազգային հանրության ուշադրությանը հանձնելու ուղղությամբ, նա մի համայնքի ուժերից վեր է համարում:- Չեմ կարծում, թե մենք համայնքով կարող ենք բողոքելով ինչ-որ արդյունքի հասնել: Հարցն ավելի մեծ է: Ամեն դեպքում դատապարտումներ արդեն կան եւ լինելու են…»:
Էրիկ Մխիթարյանի գերեվարության փաստը ադրբեջանական տեսանյութի հիման վրա հաստատելուց հետո Եվրոպական դատարանը դեռեւս դեկտեմբերին Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր փաստաթղթավորված տեղեկություն գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Ադրբեջանը, սակայն, չի հաստատել գերեվարման փաստը եւ ոչ մի տեղեկություն չի տրամադրել այս, ինչպես նաեւ հարյուրավոր այլ գերիների մասին, որոնց գերեվարման վերաբերյալ հայկական կողմն անհերքելի ապացույցներ ունի:
Ադրբեջանը չի պատասխանել նաեւ Կարմիր խաչի հարցումներին, սակայն զինվորի հարազատները, ընկերները եւ ամբողջ գյուղը վստահ էին՝ տեսանյութում հենց Էրիկ Մխիթարյանն էր: Մասնագետները հաստատում են՝ գերեվարված զինվորին սպանելով կամ նրան մահացածների մեջ ներառելով՝ Ադրբեջանը կրկին կոպտորեն խախտել է գերիներին առնչվող միջազգային մարդասիրական բոլոր նորմերը, համաձայնագրերը, այդ թվում՝ ամենավերջինը՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որով պարտավորվում էր հանձնել բոլոր գերեվարվածներին եւ պահվող անձանց:
Փաստաբան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպանված գերու այս դեպքը միակը չէ, եւ իրենց փաստաբանական խումբը պատրաստվում է այս մասին ցնցող հայտարարություն անելու դիվանագիտական կորպուսի առջեւ՝ աշխարհին ներկայացնելով նոր իրողություն: Թե քանի սպանված գերու մասին է խոսքը, Արտակ Զեյնալյանը չմանրամասնեց՝ նշելով, որ լավ կլինի՝ նման լուրերն առաջինը լրատվամիջոցներում չհայտնվեն, այլ պետության շահերով պայմանավորված՝ նախ ներկայացվեն միջազգային հանրությանը: «Մենք մեկ շաբաթվա ընթացքում կանենք մեր հայտարարությունը սրա մասին»,- ասաց նա:
Այսօր Կաթնաջուրում 18-ամյա Էրիկ Մխիթարյանի հոգեհանգստյան արարողությունն է, վաղը նրան կհուղարկավորեն…
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։